120 հազար մարդ փաստացի հայտնվել է պատանդի կարգավիճակում. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լաչինի միջանցքի փակման միայն չորրորդ օրը արձագանքեց Ղարաբաղում ստեղծված իրավիճակին՝ այն որակելով «հումանիտար ճգնաժամ», գրում է Ազատություն ռադիոկայանը։
«Ադրբեջանը նախ արգելափակել է Լաչինի միջանցքը, ապա փակել Լեռնային Ղարաբաղը բնական գազով մատակարարող խողովակը: Այս սադրիչ գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի բնակիչները հայտնվել են ձմեռային եղանակի պայմաններում իրենց բնակարանները ջեռուցելու դժվարությունների առաջ, հազարավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, ձմռան ցուրտ պայմաններում մնացել են ճանապարհներին, բազմաթիվ ընտանիքներ ակամա կիսվել են՝ հայտնվելով շրջափակման տարբեր կողմերում: Առողջական ծանր խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկված են դեղորայքից և առողջապահական ծառայություններից, խափանվել են պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումները», — ասաց նա: