Նախորդ շաբաթվանից ի վեր Լաչինի միջանցքում ստեղծված ճգնաժամը չի հանգուցալուծվել, բացառությամբ մի բանի՝ վերականգնվել է Լեռնային Ղարաբաղի բնական գազի մատակարարումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրադրությունը մնում է ծայրահեղ լարված: Հարյուրավոր ընտանիքներ շարունակում են կիսված մնալ՝ ակամա հայտնված լինելով շրջափակման տարբեր կողմերում: Լեռնային Ղարաբաղում առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների, այդ թվում՝ պարենի դեֆիցիտ է նկատվում»,- ասաց վարչապետը:
Փաշինյանի խոսքով՝ Լաչինի միջանցքը փակելու Ադրբեջանի գործողությունները ապօրինի են և կոպտորեն խախտում են նրա ստանձնած միջազգային պարտավորությունները, մասնավորապես՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները: