Պեմզաշենում տեղի ունեցած սպանության գործով մեղադրյալ Վրույր Բարսեղյանը ճանաչվել է մեղսունակ: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացնում է Պեմզաշենի սպանության գործով տուժողների իրավահաջորդի շահերի պաշտպան Գարիկ Գալիկյանը:
«Պեմզաշենի սահմռկեցուցիչ սպանությունների գործով շատերին հուզող հարցի վերաբերյալ, առ այն, որ մեղադրյալներից Վրույր Բարսեղյանը տառապում է հոգեկան առողջական խնդրով և կարող է ճանաչվել անմեղսունակ, ինչի արդյունքում կարող է խուսափել պատժից, նշեմ, որ ստացվել է Ամբուլատոր դատահոգեբուժական հանձնաժողովի փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն մեղադրյալ Վրույր Բարսեղյանը ճանաչվել է մեղսունակ (անձը հիվանդ չէ և գիտակցել է կատարածը): Ավելին, ըստ փորձագետի եզրակացության. Վրույր Բարսեղյանը իր ներկա հոգեկան վիճակով կարող է մասնակցել քննչական և դատաքննչական գործողություններին»։
Նոյեմբերի 9-ին արտակարգ ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն գյուղի տներից մեկում։ Տան բնակիչները չէին արձագանքել դռան թակոցներին, իրավապահները դուռը բացելուց հետո հատակին հայտնաբերել էին տանտիրուհի Զարինե Մելիքսեթյանի, նրա դստեր և 8-ամյա որդու դիերը: Նոյեմբերի 12-ին ենթադրյալ հանցագործություն կատարածները հայտնաբերվել են, նրանցից մեկը՝ Վրույր Բարսեղյանը, խոստովանել է: Խոսակցություններ էին շրջանառվում, որ Վրույր Բարսեղյանն առողջական խնդիրներ ունի եւ հաշվառված է Հայաստանի հոգեբուժարաններից մեկում: