Հայաստանում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողությունները և կոչերը։ Կառավարության հերթական նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
«Ներկայումս գործող քրեական օրենսգրքում պատասխանատվություն է նախատեսված սահմանադրական կարգը տապալելու, ներառյալ՝ Սահմանադրության առաջին հոդվածի գործողությունը փաստացի դադարեցնելու և դրան ուղղված բռնի կոչերի համար։ Այսինքն՝ գործող քրեական օրենսգրքով ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղղված գործողությունների կամ հրապարակային կոչերի համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ։ Մինչդեռ, ինքնիշխանությունը պետության՝ որպես սուբյեկտի հիմնական հատկությունն է։ Պետության ինքնիշխանությունը պետությանը բնորոշ գերակայություն է իր տարածքում և իր անկախությունը միջազգային հարաբերություններում, հետևաբար՝ ինքնիշխանությունը պետությանը բնորոշ առավել ընդհանուր իրավաբանական հատկություններն արտացոլող հասկացություն է, ուստի ներկայացվող նախագիծը նախատեսում է անմիջականորեն պետության ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քրեաիրավական միջոցներ»,- ասաց Մինասյանը։