Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակումը շարունակում է մտահոգել Միացյալ Նահանգներին։ Այս մասին ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի գործողությունները, որոնք Արցախում հանգեցրել են ծանր հումանիտար հետևանքների։
«Մենք շարունակում ենք մտահոգված մնալ Լաչինի միջանցքի հասանելիության խաթարման և ստեղծված իրավիճակի հումանիտար հետևանքների առնչությամբ։ Սա խոչընդոտում է խաղաղության գործընթացը և խաթարում է միջազգային վստահությունը»,- նշել է պետդեպի խոսնակը։
Անդրադառնալով իրադրության հանգուցալուծման տարբերակներին՝ Փրայսն ասաց. «Մենք կոչ ենք անում լիարժեքորեն վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով։ Ցանկացած հարցում առաջընթացի միակ ճանապարհը բանակցություններն են»։
Ադրբեջանը 2022թ. դեկտեմբերի 12-ից փակ է պահում Լաչինի միջանցքը` շրջափակման մեջ պահելով Արցախի ավելի քան 120 հազար բնակչությունը: