Միգրացիոն ճգնաժամը խնդիր է և՛ ԱՄՆ-ի, և՛ Մեքսիկայի համար, երկրները փորձում են այն լուծել համատեղ ջանքերով, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Մեքսիկայի մայրաքաղաքում Հյուսիսային Ամերիկայի ղեկավարների գագաթնաժողովի ավարտին: Գագաթնաժողովին մասնակցել են նաև Ջո Բայդենի մեքսիկացի գործընկեր Անդրես Մանուել Լոպես Օբրադորը և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։
«Մեր ամբողջ կիսագունդը բախվել է աննախադեպ մակարդակի միգրացիայի, որը պատմության մեջ ամենաբարձրն է: Հյուսիսային Ամերիկայի երկրների գագաթնաժողովում, որը տեղի Է ունեցել 2021 թվականին Վաշինգտոնում, մենք առաջ քաշեցինք ընդհանուր տարածաշրջանային խնդրին ընդհանուր տարածաշրջանային մոտեցման գաղափարը: Այս գաղափարը վերաճեց Լոս Անջելեսի Միգրացիայի և պաշտպանության հռչակագրի, որը կես տարի առաջ Ամերիկաների գագաթնաժողովում ընդունվեց 21 երկրների կողմից: Եվ մենք աշխատում ենք միասին, հատկապես Հյուսիսային Ամերիկայի մեր գործընկերների հետ, որպեսզի կատարենք այս հռչակագրի շրջանակներում մեր ստանձնած պարտավորությունները: Դա ներառում է Նիկարագուայից, Հայիթիից և Կուբայից ներգաղթյալների համար օրինական ուղիների ընդլայնման միջոցներ, որոնց մասին ես հայտարարեցի անցյալ շաբաթ», — նշել է ԱՄՆ նախագահը: