Ռուսաստանը գտնում է, որ Բրյուսելը շահագրգռված չէ Ադրկովկասում խաղաղությամբ, ցանկանում է դիտորդական առաքելության միջոցով իր դիրքերն ամրապնդել Հայաստանում և ճնշել ՌԴ միջնորդական ջանքերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է օպերատիվ կերպով առաքելություն տեղակայել Հայաստանում:
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ ակնհայտ է, որ Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական նոր առաքելությունն ավելի մասշտաբային է լինելու, քան ԵՄ մոնիտորինգի մեխանիզմը, որը Հայաստանում գործում էր անցյալ տարվա հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներին։
«Անդրկովկասում արտատարածաշրջանային գործոնի ամրապնդման հարցում Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը չի փոխվել։ Մենք որևէ «ավելացված արժեք» չենք տեսնում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ ԵՄ «փորձագետների» վերահսկողությունից: Եթե Բրյուսելն անկեղծորեն շահագրգռված լիներ Անդրկովկասում խաղաղությամբ, ապա իրենց առաքելության աշխատանքի պայմանները կհամաձայնեցնեին Ադրբեջանի հետ», — գրված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության համոզմամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելությունը կարող է աշխարհաքաղաքական առճակատման հանգեցնել:
«ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կցորդի վերածված և ԱՊՀ տարածքում առճակատման քաղաքականություն վարող Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները: ԵՄ առաքելության հայտարարված քաղաքացիական բնույթը նույնպես չպետք է մոլորեցնի. այն ձևավորվում է ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակներում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով», — հավելել են ՌԴ արտգործնախարարությունում։
ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ ռուսաստանցի խաղաղապահները կարձագանքեն Եվրամիության դիտորդների պահվածքին: