ԱՄՆ-ն հետևում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հրաձգության մասին հաղորդագրություններին և ընդգծում, որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
«Մենք հետևում ենք մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հրաձգության մասին հաղորդագրություններին, որը հինգ մարդու կյանք խլեց… Ցավակցում ենք վիրավորների և զոհվածների ընտանիքներին։ Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, և վեճերը լուծելու համար ուժի կիրառումը երբեք ընդունելի չէ։ Խաղաղությունը պահպանելու միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ է, իսկ ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները»,- ասել է Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցում: