Զինված հարձակման հետեւանքով զոհված Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի երեխաները հեռացել են երկրից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղական Juno7 պորտալին:
Ավելի վաղ հարևան Դոմինիկյան Հանրապետությունում Հայիթիի դեսպան Սմիթ Աուգուստինը հայտարարել էր, որ Մոիզի երեխաները «ապահով վայրերում» են գտնվում՝ պաշտպանության ներքո:
Հարձակման ժամանակ վիրավորված Մարտինա Մոիզին՝ նախագահի կնոջը, ուղարկել են Մայամի՝ բուժման: Առաջին տիկինն արդեն Հարավային Ֆլորիդայում է: Մարտինա Մոիզը հրազենային վնասվածքներ է ստացել ձեռքի և ազդրի շրջանում, ինչպես նաև ծանր վիրավորվել է որովայնի շրջանում:
Հայիթիի նախագահը մահացել էր չորեքշաբթի գիշերը իր նստավայրի վրա հարձակման ժամանակ: Երկրի վարչապետի գրասենյակի փոխանցմամբ՝ սպանությունը կատարել են օտարերկրյա վարձկանները: Երկրում 15 օրով ռազմական դրություն է հայտարարվել: Հարձակման ենթադրյալ մասնակիցներից 4-ը սպանվել են, 2-ը՝ ձերբակալվել: