Եվրոպական միությունը պատրաստ է առավել ակտիվ դեր խաղալ տարածաշրջանում հետկոնֆլիկտային վերականգնման գործում։ Այս մասին այսօր Երևանում ասել է ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի հետ ճեպազրույցի ընթացքում:
Նա ափսոսանք է հայտնել, որ Ղարաբաղյան հակամարտությունը զոհերի և մարդասիրական ճգնաժամի է հանգեցրել։
«ԵՄ-ն պատրաստ է ակտիվ դեր խաղալ ռազմական գործողություններին հաջորդած իրավիճակի կարգավորման գործում։ Պատրաստ է աջակցել վստահության ամրապնդման, հումանիտար ճգնաժամի հաղթահարման հարցում։ Իսկ ապագայում, հիմնական գործընկերոջ կարգավիճակում, օգնել տնտեսապես վերականգնել ճգնաժամից տուժած հատվածները»,-ասել է Վարհելին։
Նրա խոսքով՝ որպես «նվեր» նա իր հետ մեծ ֆինանսական և տնտեսական ներդրումների ծրագիր է բերել՝ համաճարակի հետ կապված ճգնաժամը հաղթահարելու համար։
ԵՄ-ն պատրաստ է այդ միջոցներն օպերատիվ կերպով ուղղել Հայաստանի տնտեսության շուտափույթ վերականգնմանը։ Ճիշտ այնպես, ինչպես Արևելյան գործընկերության մյուս երկրներում։
Նա նշել է, որ Հայաստանի բնակիչներն աշխատատեղերի կարիք ունեն, սակայն պետք է հաշվի առնել այն խնդիրները, որոնք գոյություն են ունեցել համավարակից առաջ։
«Այդ պատճառով մենք ցանկանում ենք առավելագույնս արագ իրականացնել տնտեսության թվայնացման նախագծերը, բայց ամենակարևորը՝ մենք ցանկանում ենք առևտրային ուղիներ և կապ ստեղծել եվրոպական շուկայի հետ։ Դրա օգնությամբ մենք կկարողանանք տարածաշրջանն ավելի մոտ դարձնել Եվրամիությանը»,-նշել է Վարհելին։
Եվրահանձնակատարը նշել է, որ ԵՄ-ն հույս ունի 17 մլրդ եվրո ներգրավել ամբողջ տարածաշրջանում ծրագրի իրականացման համար: