Կաննի կինոփառատոնում կայացավ Արցախի մասին «Երբ քամին հանդարտվի» (Si le vent tombe) ֆիլմի ցուցադրությունը, գրում է sputnik Արմենիան:
Ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի ֆիլմը Կաննի կինոփառատոնը հաստատել էր անցյալ տարի։
Սա 9 ֆիլմերից մեկն է, որ փառատոնին է ներկայացրել Ֆրանսիայի Անկախ կինոյի առաջխաղացման ասոցիացիան, և որը հաստատել է փառատոնի կազմկոմիտեն: Ցուցադրությունը կայացավ Կաննի «Օլիմպիա» կինոթատրոնում։
«Այս տարին նախորդ տարիների նման չէր մեզ համար, ովքեր հայկական ազգանուն են կրում։ Ֆիլմը նկարահանվել է համավարակի թեժ պահին և մի հողի մասին է, որը հետագայում տուժեց պատերազմից։ Սա ֆիլմ է մնացած աշխարհից կտրված վայրերի մասին, որոնք ես տեսել եմ»,-հայտարարեց Մարտիրոսյանը։
Պրոդյուսեր Ժյուլի Փարադյանն էլ նշեց` շատ կարևոր է, որ այս ֆիլմն ուշադրություն է հրավիրելու և ցուցադրվում է այսքան նշանակալից փառատոնում։
«Կարևոր է այս ֆիլմի ուղերձը՝ ինչպես է փոքր երկիրն իրեն բացում աշխարհի առաջ, և թե ինչպես է ռեժիսորն ուզում այդ մեծ նպատակը ցույց տալ փոքր բանի միջոցով»,-ավելացրեց Փարադյանը։
Նրա խոսքով՝ հաջորդ տարվա սկզբին ուզում են ֆիլմն «Օսկարի» ներկայացնել «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում։
«Երբ քամին հանդարտվի» ֆիլմը Ֆրանսիայի, Բելգիայի և Հայաստանի (ի դեմս Ազգային կինոկենտրոնի) համատեղ արտադրությունն է։
Հիշեցնենք, որ 2020թ․-ին Կաննի 73-րդ փառատոնը չկայացավ համավարակի պատճառով, բայց ընտրված ֆիլմերի ցուցակը հրապարակվեց։
Նախորդ տարվա նոյեմբերին «Երբ քամին հանդարտվի» ֆիլմը բացեց 16-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, իսկ մայիսի 26-ին վարձույթի դուրս եկավ Ֆրանսիայում։
Ֆիլմի սյուժեի համաձայն՝ ֆրանսիացի մասնագետը մեկնում է Ստեփանակերտ՝ տեղում օդանավակայանի բացման հնարավորություններն ուսումնասիրելու, և ծանոթանում է տեղի մարդկանց առօրյային: