Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի միջև: Հանդիպման ընթացքում Նախագահին ներկայացվել են Արցախում և Սյունիքի մարզում Հիմնադրամի կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերը: Նախագահ Արմեն Սարգսյանն իր գոհունակությունն է հայտնել ներկայումս ընթացող աշխատանքների ծավալի և տեմպի վերաբերյալ`խրախուսելով ավելի մեծ ջանքեր գործադրել հայրենիքի շենացման գործում:
Հիմնադրամն Արցախում արդեն իսկ իրականացնում է շուրջ 30 մլրդ․ դրամի վերականգնման և զարգացման տարաբնույթ ծրագրեր, որոնք մասնավորապես ուղղված են տեղահանված ընտանիքների խնդիրների լուծմանը, ինչպես նաև ենթակառուցվածքների և կրթական ոլորտի զարգացմանը: Ստորև ներկայացված կենսական ծրագրերն ուղղված են պատերազմի հետևանքով առաջացած մարտահրավերների հաղթահարմանը․
- Ավելի քան 1000 բնակարանի և տան կառուցում Ստեփանակերտում և հարակից համայնքներում՝ Շուշիից, Հադրութից և այլ բնակավայրերից տեղահանված ընտանիքի համար,
- Համայնքային և համապետական նշանակության 50կմ ճանապարհների վերակառուցում,
- Իվանյան և Չլդրան համայքների դպրոցների հիմնանորոգում,
- Չլդրան և Հաթերք համայնքների ջրամատակարարման ցանցի կառուցում,
- Արցախի պետական համալսարանի վերանորոգման և կառուցման աշխատանքներ,
- Արցախի 10 դպրոցներում երկարօրյա կրթության համար նախատեսված դասասենյակների վերանորոգում և խոհանոցների կառուցում:
Արցախի և Հայաստանի համար այս կարևոր և վճռական փուլում «Հայաստան» համահայկական հիմնադրամը, իր աշխարհասփյուռ նվիրատուների և գործընկերների միջոցով, շարունակում է աջակցել Արցախին՝ լուծելու երկրի առաջ ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրները և դուրս գալ հետպատերազմյան իրավիճակից:
Նախագահը Սարգսյանը «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի հետ քննարկել է նաև սեպտեմբերից Սյունիքի մարզում մեկնարկող ընդհանուր շուրջ մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրերին վերաբերող հարցեր:
Հանրապետության նախագահի՝ ապրիլ ամսին Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցից հետո, նախագահի հանձնարարությամբ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Հանրապետության նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները այցելել էին մարզ, հանդիպումներ ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների և բնակիչների հետ: Քննարկումների և կարիքների գնահատման արդյունքում կազմվել է Սյունիքի մարզի համայնքների առաջնային խնդիրների ծրագիր՝ համայնքային, կրթական և սոցիալական նշանակության մի շարք խնդիրների լուծման նպատակով:
Սույն ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերից և կիրականացվի փուլերով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ու Հանրապետության նախագահի աշխատակազմի համատեղ ուժերով և մասամբ նաև՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի ֆինանսական աջակցությամբ:
***
1992 թվականին ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանում ամենախոշոր ոչ-առևտրային կազմակերպությունն է, որի նպատակն է ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին ու աշխարհի հայերին և իրականացնել Հայաստանի ու Արցախի կայուն, համաչափ զարգացումն ապահովող ծրագրեր:
«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր գործունեության ընթացքում իրականացրել է շուրջ 1300 ծրագիր կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, արվեստի և սպորտի բնագավառներում, ենթակառուցվածքների, բնակարանաշինության և համայնքների զարգացման շրջանակներում՝ բարելավելով հազարավոր շահառուների կյանքի որակը: Հիմնադրամի աշխատանքներն իրականացվում են 19 երկրներում գործող 21 տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ակտիվ մասնակցության և աջակցության միջոցով: