Աննախադեպ քանակի միգրանտներ փորձում են հատել Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի սահմանը: Այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մեզ հանդեպ հարավային սահմանի անցակետերում ծառացել Է աննախադեպ թվով միգրանտների հետ կապված խնդիրը»,-ասել Է Մայորկասը, որի խոսքը մեջբերում են ամերիկյան ԶԼՄ-ները: «Իրադրությունը սահմանին ամենաբարդ մարտահրավերներից մեկն Է մեզ համար: Բարդ իրավիճակ Է, այն մշտապես փոխվում Է եւ գլոբալ համակարակի ֆոնին ազդում դժվարին իրադրությունների մեջ հայտնված մարդկանց վրա»,-նշել Է նա: Նրա խոսքով՝ այդ ցուցանիշի աճը պայմանավորված Է մի քանի պատճառներով, մասնավորապես, «պայմանների վատթարացումը նրանց հայրենի երկրում, այդ թվում՝ աղքատությունը, բռնության աճը եւ կոռուպցիան»: ԱՄՆ-ի սահմանապահ ծառայության տվյալների համաձայն, հուլիս ամսին գրանցվել Է մարդկանց՝ Մեքսիկայի հետ սահմանը հատելու եւ ԱՄՆ մուտք գործելու ավելի քան 200 անօրինական փորձ:
Մայորկասն այս շաբաթ այցելել Է Տեխաս եւ հանդիպում ունեցել նահանգի պաշտոնատար անձանց հետ, որոնք քննադատել են ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի մոտեցումը Մեքսիկայի հետ սահմանի խնդիրների լուծման հարցում: Ամերիկյան ԶԼՄ-ները հիշեցնում են, որ Բայդենը հրաժարվել Է իր նախորդի՝ Դոնալդ Թրամփի միգրացիոն կոշտ մոտեցումից: ԱՄՆ-ի նախկին ղեկավարը քանիցս զայրացել Է այդ հարցի շուրջ Բայդենի գործողություններից եւ նշել, որ հարյուր հազարավոր մարդիկ թափանցում են ԱՄՆ, ներառյալ հանցագործները, իսկ գործող նախագահը ոչինչ չի անում դա կասեցնելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: