Կանադայի իշխանությունները մտադիր են ընդունել Աֆղանստանի շուրջ 20 հազար քաղաքացիների խոցելի խմբերից, որոնք փախստականի կարգավիճակում են հայտնվել այդ երկրում ծայրահեղական «Թալիբան» շարժման ներկայացուցիչների գործողությունների հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Կանադայի ներգաղթի, փախստականների և քաղաքացիության հարցերով նախարարության մամուլի ծառայությունը:
«Մինչ «Թալիբան»-ն Աֆղանստանում ավելի մեծ տարածքներ է սկսում գրավել, ավելի մեծ թվով աֆղանների կյանքը սպառնալիքի տակ է հայտնվում, շատերը փախչում են երկրից: Աճող հումանիտար ճգնաժամի պայմաններում ներգաղթի, փախստականների և քաղաքացիության հարցերով նախարար Մարկո Մենդիչինոն, ազգային պաշտպանության նախարար Հարջիթ Սինկխ Սաջանը և արտգործնախարար Մարկ Գարնոն հայտնել են, որ Կանադան կընդունի 20 հազար աֆղանների, ովքեր թալիբների սպառնալիքի տակ են»,- հայտնել են նախարարությունից:
Տարբեր տվյալներով՝ ծայրահեղական «Թալիբան» շարժման զինյալները վերահսկում են Աֆղանստանի 60-85 տոկոսը՝ այդ թվում և Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ սահմանակից հատվածները: Օրերս թալիբները հայտարարել են մի շարք խոշոր քաղաքներ, այդ թվում և Կանդագարան ու Գերատան գրավելու մասին: