Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն օգոստոսի 13-ին լրագրողներին հայտնել է, որ իրադրություն Աֆղանստանում ավելի է վատանում:
«Աֆղանստանը դուրս է գալիս վերահսկողությունից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է նա: Գուտերեշը հավելել է, որ միայն նախորդ ամիս ռազմական գործողությունների հետևանքով սպանվել կամ վիրավորվել է ավելի քան հազար մարդ, 241 հազար մարդ ստիպված լքել է տունը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ Աֆղանստանում լեփ-լեցուն են հիվանդանոցները, արդեն զգացնել է տալիս սննդի և դեղամիջոցների պակասը, ոչնչացվում են կամուրջները, ճանապարհները, դպրոցներն ու հիվանդանոցները: «Աֆղանստանն արդեն անցել է հակամարտությունների միջով, սակայն այժմ գտնվում է սեփական պատմության ևս մեկ քաոսային ու սարսափելի գլխի շեմին: Սա անհավատալի ողբերգություն է այսքան տառապանք տեսած ժողովրդի համար»,- ասել է նա:
Գուտերեշը հայտարարել է, որ ծայրահեղական «Թալիբ» շարժման անդամները պետք է անհապաղ դադարեցնեն հարձակումներն ու անցնեն բանակցություններին՝ հանուն Աֆղանստանի ժողովրդի: