Հայաստանի Հարապետության կառավարության կարևոր անելիքներից մեկը կա և մնում է զինված ուժերի բարեփոխումներն ու արդիականացումը: Այս մասին Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ունեցած ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Պիտի նկատեմ, որ բանակի բարեփոխման մեր օրակարգը որոշ ուժեր փորձում են ներկայացնել որպես վկայություն ագրեսիվ քաղաքականություն որդեգրելու և պատերազմ սկսելու մեր մտադրության կամ որոշման: Սա իրականության հետ որևէ կապ չունի, որովհետև Հայաստանը, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու, սեփական ինքնիշխանությունը պաշտպանելու լեգիտիմ և սահմանադրական նպատակով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝զինված ուժերում կառավարության նպատակն է իրականացնել շարունակական բարեփոխումներ, որոնք կապահովեն զինված ուժերի կողմից սահմանադրական առաքելության կատարումը: «Հայաստանը տարածքներ նվաճելու, պատերազմ սկսելու որևէ մտադրություն չունի»,- նշեց վարչապետը:
Նա շեշտեց, որ բանակի արդիականացման գործում կարևորում են Հայաստանի ռազմակավարական դաշնակից Ռուսաստանի հետ համագործակցությունը՝ արձանագրելով, որ Ռուսաստանի հետ արդեն իսկ կան կոնկրետ պայմանավորվածություններ: