«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն առաջարկում է Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ձևավորել աշխատանքային խումբ կամ խմբեր` սահմանային իրավիճակին ծանոթանալու ու ճիշտ գնահատական տալու համար։
«Ես առաջարկում եմ, որպեսզի հանձնաժողովը խումբ կամ խմբեր ձևավորի և տեղում դաշտային աշխատանքներ իրականացնի՝ սկսած Երասխից, վերջացրած՝ Գորիս, Կապան, Սոտք, Խոզնավար հատվածով։ Առաջին նպատակը իրավիճակային գնահատական տալն է, որը ստեղծվել է մեր սահմանների շուրջ, երկրորդը՝ ծանոթանալն է աշխատանքների ընթացքին։ Անհրաժեշտություն կա նաև ֆիքսելու այդ աշխատանքների ծավալը, որպեսզի հնարավորություն ունենանք հանձնաժողովի հաջորդ նիստում պատասխանատուների ներկայության պայմաններում շատ ավելի ճշգրիտ հարցադրումներ անել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց Աբրահամյանը։
Պատգամավորը խիստ մտահոգիչ է համարում վերջին շրջանում ստացած ազդակները։