ՌԱԿ-ի համադրած մամուլի առցանց լսարանի ընթացքում Դոկտոր Գյուրջյանը Կանադայից երախտագիտություն հայտնեց առցանց լսարանի բանախոս ՄԻՊ Արման Արման Թաթոյանին այս տարիներին կատարած աշխատանքի համար, ապա հայտնեց, Ռամկավար ազատական կուսակցության անգլալեզու The Armenian Mirror-Spectator թերթը որպես տեղեկատվության տարածման հարթակ, իրենց տրամադրության տակ է ու սիրով պատրաստ են պարբերականի միջոցով պահել կապը Հայաստանի ու Սփյուռքի միջև։
Նա հարց ուղղեց Թաթոյանին՝ ինչպե՞ս անել, որ աշխարհը իմանա ու տեսնի Ադրբեջանի նման քաղաքականությունն ու հասկանա, որ այդ երկիրը մարդուն իրավունքները խախտող երկիր է։ Երկիր, որտեղ վերացվում ու պղծվում են պատմամշակութային կոթողները։
«Ցավոք սրտի 44-օրյա պատերազմը շատ բան փոխեց։ Մարդու իրավունքներ մասով հիմա ավելի ցածր մակարդակ ունենք։ Բայց մենք չպետք է թույլ տանք, որ այն էլ ավելի իջնի։ Ադրբեջանի նպատակը հենց դա է՝ ամեն ինչ վերացնել, գոլորշիացնել։ Մենք չպետք է թույլ տանք, որ միջազգային հարթակներում այս թեմայի արդիականությունը նվազի։ Հիմա գիտե՞ք ադրբեջանական իշխանություններն ինչ են անում։ Աշխարհում ստեղծում են կարծրատիպ, որ Արցախի հարցը հայերի ու ադրբեջանցիների միջև ինչ-որ ներքին խնդիր է ու վերջ։ Բայց դա բոլորովին այդ հարթությունում չէ։ Հիմա ժամանակը մեր դեմ է աշխատում։ Ադրբեջանական իշխանություններն ամեն օր ավելի են ամրանում, նոր ընկերություններ ստեղծում և մենք պետք է այդ ուղղությամբ աշխատենք։ Այստեղ Սփյուռքի դերը անգնահատելի է։ Իսկ մշակութային ժառանգության նկատմամբ այս վերաբերմունքը Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասն է կազմում։ Իրենք վիճարկում ու ջնջում են հայկականությունը։ Նրանց նպատակը հայկականության հետքը ջնջելն է ու այդ առումով շատ արագ են աշխատում։ Ոչ մի բանի առաջ չեն կանգնելու։ Սա համաշխարհային մակարդակով մենք պետք է ներկայացնենք։ Իմ զեկույցում մշակութային ժառանգության ու կրոնական պատկանելիության մասին հատուկ խոսում եմ»,- պատասխանեց Արման Թաթոյանը, ապա ներկայացրեց մի քանի սահմռկեցուցիչ փաստ, թե ինչպես է կրոնական թշնամանքը արտահայտվում ադրբեջանցիների կողմից։
«Օրինակ, երբ մեր գերիների ձեռքին խաչի տեսքով դաջվածք է եղել, իրենք այրել են դա։ Այն զինվորները, ովքեր մկրտված են եղել, ավելի դաժան կտտանքների են ենթարկվել։ Մենք մի դեպք ունենք, երբ զինվորի ոտքը այրել են ու ստիպել մահմեդականություն ընդունել։ Սրանք ցույց են տալիս, որ այն, ինչ հրապարակավ խոսում են, իրականություն են դարձնում։ Դրա համար մենք պետք է այս փաստերը ներկայացնենք աշխարհին»,- պատմեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։