ՀՀ զինվորական դատախազությունում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անցկացրել է խորհրդակցություն 2021թ. ընթացքում Զինված ուժերում հանցավորության դեմ պայքարի, 2020թ. պատերազմին առնչվող քրեական գործերով քննությունների ընթացիկ արդյունքների, ինչպես նաև՝ ՀՀ զինվորական դատախազության և կայազորների դատախազությունների տարեկան գործունեության արդյունքների օրակարգով:
ՀՀ գլխավոր դատախազի հրավերով քննարկմանը մասնակցել է նաև Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը: Արթուր Դավթյանը տեղեկացրել է, որ դրա անհրաժեշտությունը պայմանավորված է հատկապես նրանով, որ 2020թ. արցախյան պատերազմին առնչվող բազում հանգամանքներ խաչվում են ՀՀ և Արցախի իրավասու մարմիններում քննվող քրեական գործերով, և պետք է ապահովել դրանց շուրջ տեղեկատվության փոխանակում և համատեղ քննարկումներ:
ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը զեկուցել է, որ ՀՀ ԶՈւ–ի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է հանցագործության 2072 դեպք: 2020թ. համեմատ ԶՈՒ-ում հանցագործությունները նվազել են 944 դեպքով կամ 31.2%-ով: Ընդ որում՝ առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են 34.8%-ով, ծանր հանցագործությունները՝ 74,39%-ով։ Այս բնույթի հանցագործությունների տեսակարար կշիռն ընդհանուր առմամբ շարունակել է բարձր մնալ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ռազմական դրության ռեժիմը պահպանվել է նաև 2021թ. առաջին եռամսյակի ընթացքում և նախորդ տարի գրանցվել են հակառակորդի կողմից հրադադարի խախտման համեմատաբար շատ դեպքեր։
Առանձնապես ծանր հանցագործություններից սպանության 10 դեպքը կատարվել է հակառակորդի կողմից, իսկ 4-ը` ԶՈՒ-ում ներքին սպանություններ են, 40-ը` հակառակորդի կողմից կատարված սպանության փորձեր, 11-ը՝ ռազմական դրության ժամանակ պետի նկատմամբ, իսկ 10-ը՝ ռազմական դրության ժամանակ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու դեպքեր են, 280-ը՝ ռազմական դրության ժամանակ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, 11-ը՝ հակառակորդի կողմից պետության տարածքային ամբողջականությունը խախտելու և այլն:
2021թ. ընթացքում ծառայության հետ կապված մահացել է 42 զինծառայող (2020թ.՝ 46), որից 19-ը՝ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով: