Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում, որի անմիջապես վերևում, շուրջ 10 ամիս է, տեղակայվել են ադրբեջանցի զինված ծառայողները, իրավիճակը հարաբերականորեն կայուն է, հազվադեպ են կրակում։ Գյուղի բնակիչներից երիտասարդ մի կին՝ Զմրուխտ Գևորգյանը, որն ունի 3 անչափահաս երեխա, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ գյուղի անմիջապես վերևում թշնամու տեղակայվելուց հետո իրենց առօրյան փոխվել է, վախով են ապրում, ամեն վայրկյան սպասելով, որ թշնամին կարող է կրակել, իսկ նման դեպքեր բազմաթիվ անգամներ են գրանցվել, ընդհուպ՝ մահվան ելքով։
Զմրուխտին զայրացնում է նաև իշխանությունների անտարբերությունը, եթե 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանն ու իշխանական պատգամավորներն այցելում էին գյուղ, հետաքրքրվում գյուղացիների խնդիրներով, այսօր ադրբեջանցի զինված ծառայողների ու իրենց խնդիրների հետ միայնակ են թողել կութեցիներին․
«Իրենցից մարդ չի եկել, մեր Կութի ժողովրդին մոռանում են, բայց գնանք ո՞ւմ խնդրենք, ո՞վ չգիտի, որ գյուղը սահմանամերձ է, ադրբեջանցիներն էլ գյուղի վերևի սարերում նստած են, ժողովրդի խոտհարքները մնացել է նրանց տիրապետության տակ․․․ Իշխանությունները չե՛ն գալիս, չե՛ն գնում, չե՛ն հետաքրքրվում գյուղի վիճակով, միայն գալիս, խոսում-գնում էին, հիմա անգամ չեն էլ գալիս․․․ »:
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը խաղաղության դարաշրջան է խոստացել, թուրքերի և ադրբեջանցիների հետ հարաբերությունները պետք է կարգավորել, կութեցի երիտասարդ կինն այսպես արձագանքեց․
«Ի՞նչ բարեկամություն, եթե Նիկոլը թշնամու համար ճանապարհը բացի, ես իմ աղջիկ երեխեքին ո՞նց թողնեմ այստեղ թուրքի հետ բարեկամություն անեն, չէ՛, բացառվո՛ւմ է։ Ես ինչի՞ թողնեմ իմ երեխեն թուրքի հետ շփվի, Կութում ոչ մեկն էլ համաձայն չէ թշնամու հետ հարաբերությունների հաստատմանը․․․»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։