Օրերս Ամերիկայի Միացյալ Նահանգների և Կանադայի «Թեքեյան» մշակութային միության հայաստանյան ներկայացուցչության գրասենյակում Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձորի Վահան Թեքեյանի անվան դպրոցի՝ Երևանում վերաբնակված ուսուցիչների հետ կազմակերպվել էր հանդիպում։ 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո սա առաջին հանդիպումն էր, չնայած բոլորն էլ միմյանց հետ մշտական կապի մեջ են։
Հանդիպումն անցավ աղմկոտ, բայցև ջերմ ու հուզառատ մթնոլորտում։
Քոսակյան Անահիտ, Սահակյան Սուսաննա, Թամազյան Սիրվարդ, Թորոսյան Լաուրա, Համբարձումյան Լյուդմիլա, Բալայան Գայանե, Բոյախչյան Սիրանույշ, Բաղդասարյան Վալենտինա, Ղարագյոզյան Սվետա, Հակոբյան Աննա, Խաչատրյան Անահիտ, Դավթյան Անի, Սահակյան Նելլի, Մարտիրոսյան Կարինե…բացակա 16 ուսուցիչներն ապրում են Հայաստանի տարբեր մարզերում ու գյուղերում:
Ներկաներից մի քանիսն են, որ ապրում են իրենց սեփական տանը, մնացածները կամ վարձակալած բնակարաններում են, կամ ազգականների տանը:
Հանդիպումն առիթ էր ոչ միայն քննարկել ուսուցիչների ներկայիս կարգավիճակը, հոգսերն ու խնդիրները, այլև կիսվել պատերազմի անջնջելի հուշերով ու ապրումներով։ Պատերազմի առաջին օրը բոլորի մտքում է, հիշողություններում, այնինչ պայթյունների ձայնը նմանեցրել էին ականազերծման աշխատանքներին․ մեկի առավոտ պատուհանները լվանալով էր սկսել, մյուսի տանը վերանորոգումը պիտի շարունակվեր, հաջորդին քնից արթնացրել էր երևանցի ազգականի անհանգիստ զանգը՝ պատերազմ է սկսվել։ Արցախցին չէր հավատում և չէր պատկերացնում, որ արյունով ու կորուստներով ձեռք բերված հողը հնարավոր կլինի հանձնել …
Բերձորցիները մինչև նոյեմբերի սկիզբ Բերձորում էին, քանի որ ոչ ոք չէր զգուշացրել այնտեղից դուրս գալու մասին, կամ հակառակը՝ մնալու մասին: Նույնիսկ կրակոցների տակ տանը, այգիներում ու բակում բերձորցին բարեկարգման աշխատանքներ է կատարել, իր ձեռքով ու քրտինքով հողը մշակել, տունը կառուցել։ Այնքան զորեղ էր հայրենիքի հանդեպ սերն ու նվիրումը, որ չեն էլ ենթադրել՝ այս անգամ հարկադրված պետք է թողնեն ու հեռանան․․․հեռանան՝ անվերադարձ։ Խոստովանում են՝ եթե զգուշացվեին Բերձորը հանձնվելու և քաղաքից դուրս գալու մասին, կպատրաստվեին․ մասնավորապես՝ անհրաժեշտ փաստաթղթեր և իրեր կվերցնեին։ Տարրական դասարանների դասվար Սիրվարդ Թամազյանը մեծագույն ափսոսանքով է հիշում այն, ինչ սետղծել էին և թողեցին դպրոցում՝ խիստ կարևոր մասնագիտական գրականություն, դիդակտիկ նյութեր, ուսումնական ձեռնարկներ և այլն։
Ուսուցչուհիներից Գայանե Բալայանն էլ նկատում է, որ մեր ցավին աշխարհը չարձագանքեց, թողեց միայնակ, իսկ այսօր Ուկրաինայի ժողովրդի կողքին կանգնեցին աշխարհի մեծ տերությունները և աջակցեցին թե’ ֆիզիկապես, թե’ հոգեպես, թե’ զինամթեևքով ու հումանիտար օգնությամբ:
«44 օր տևած սոսկալի պատերազմում մենք արնաքամ էինք լինում, սակայն մեր ղեկավարները աշխարհից օգնություն չխնդրեցին և չստացան։ Մեր կողքին էին միայն աշխարհասփյուռ հայերը»,-հավելեց Գայանե Բալայանը:
Ուսուցիչներից մեկի կարծիքով՝ ամենախաթարվածը Բերձորի բնակիչների վիճակն է. «Մինչև վերջին օրը հավատացինք «Հաղթելու ենք»-ին, դուրս չեկանք քաղաքից։ Հավատում էինք, որ Լաչինը չի հանձնվի․ չէ՞ որ դա «Կյանքի ճանապարհն է»: Նոյեմբերի 9-ից հետո մեզ ասացին, որ պետք է արագ դուրս գանք տներից, ազատենք քաղաքը, այն նույնպես հանձնված է։ Ռուս խաղաղապահները կանգած էին և չէին թողնում մոտենանք տներին։ Չհասցրինք նույնիսկ մեր ունեցվածքը դուրս հանել»։
Անահիտ Խաչատրյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց «Դասավանդիր Հայաստան» կրթական հասարակական կազմակերպությանը՝ աջակցելու, մասնագիտական նոր գիտելիքների, հմտությունների, փորձի փոխանակման համար։ Անի Դավթյանը և մյուս ուսուցիչներն արդեն աշխատանքի են անցել մասնավոր դպրոցներում․ չնայած ցածր վարձատրությանը՝ հավատարիմ են ուսուցչի վեհ կոչմանը և շարունակում են կրթել, դաստիարակել երեխաններին:
Պատերազմից հետո Քաշաթաղից տարհանվածներով Երևանում կազմակերպվեց և իր ծրագրերն է իրականացնում «Վերադարձ դեպի Քաշաթաղ» հասարակական, կազմակերպությունը, որի նպատակն է տեղահանված ընտանիքներին օգնել սոցիալական և իրավական հարցերում: Անահիտ Քոսակյանը վստահեցրեց, որ աջակցում են Քաշաթաղից տեղահանված բազմանդամ, սոցիալապես անապահով ընտանիքներին․ գտնում են հովանավորներ և ընտանքիներին տրամադրում կենցաղային տեխնիկա, հագուստ, սնունդ և անհրաժեշտ այլ պարագաներ։
ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Արցախից տեղահանված ուսուցիչների համար այս ընթացքում փուլային եղանակով կազմակերպվել է հանդիպում կրթության ոլորտի պրոֆեսիոնալ մասնագետների հետ: Առաջարկվել է մասնակցել Երևան քաղաքի դպրոցներում թափուր աշխատատեղերի համար կազմակերպվող մրցույթներին և ունենալ մասնագիտական զբաղվածություն:
Հանդիպմանն առաջարկվեց վերապատրաստվելուց հետո ուսուցիչները հեռավար դասավանդեն այն մենթոր դպրոցներում, որտեղ 1-12-րդ դասարաներում դասավանդելու համար տվյալ մասնագետի կարիք կա:
Անդրադարձ եղավ նաև հետպատերազմյան ժամանակաշրջանում, որպես տարհանված բնակիչներ, պետական աջակցություններին և նրանց արդյունավետ բաշխմանը, օրինակ՝
- թիրախային էր յուրաքանչյուր ընտանիք 250 000 — 300.000 դրամի հատկացումը / ըստ կորցրած տարածքների/ սակայն կան բնակիչներ, որոնք դեռևս չեն ստացել տարբեր պատճառներով( տեղյակ չլինելու, անհրաժեշտ փասթաղթեր չունենալու, համացանցով չդիմելու )
- Կարմիր խաչից ստացել են 20.000 դրամ աջակցություն, սակայն լիարժեք համակարգված չէ, քանի որ կան չստացողներ,
- տրամադրվել է 68.000 դրամ օգնություն
- նախատեսվում է մինչև 2022 թ. ավարտ յուրաքանչյուր ընտանիքի տրամադրել անշարժ գույք ձեռք բերելու համար՝ քաղաքում՝ 8 միլիոն, մարզերում–շրջաններում 10 միլիոն դրամ:
Իհարկե այս գումարը կբավարարի միայն փոքր և անբարեկարգ տուն գնելու համար: Ուսուցիչները միակարծիք են, որ վերադարձ Արցախ կլինի միայն այն ժամանակ, երբ ռուս խաղաղապահների կողմից կլինեն անվտանգության երաշխիքներ։
Հիմա օրակարգում հայ-թուրքական հարաբերությունների կամ համատեղ ապրելու հնարավորության մասին խոսակցություններն ու տեսլականներն են։ Նրանք, որոնք 30 տարի առաջ ադրբեջանցիների հետ ապրել են համատեղ կյանքով, շատ լավ են պատկերացնում ոչ արժանապատիվ ու ստորացված կյանքի տարիները․ դա անընդունելի և անհնար են համարում: Ուզում ենք հարց տալ այդկերպ մտածողին՝ ինչու՞ էր արցախցին մեջքն ուղղել, հպարտ կանգնել ու հրապարակներ լցնելով վանկարկում՝ ՄԻ – Ա – ՑՈւՄ, ՀԱ-ՅԱՍ-ՏԱՆ:
Թեքեյան մշակութային միության հայաստանյան ներկայացուցչության գրասենյակ
Գայանե Մուրադյան
28 մարտ 2022թ.

