Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գնահատմամբ՝ պետք է հասկանալ, որ ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցության պայմաններ այսօր ձևավորված չեն։ Եվ խաղաղության գնալ՝ առանց նախապայմանների, առանց իրադրության համապատասխան ու ճիշտ գնահատման, անընդունելի է հայկական կողմի համար։
«Եթե մեզ թվում է, որ հակառակորդն իր հիմնական նպատակների իրականացմանը հետամուտ չի լինելու, այն է՝ Արցախի հայաթափումը, միանշանակ այդպես չէ, որովհետև ով ճանաչում է թուրքին, ադրբեջանցուն, գիտի, որ գոյություն ունի թուրք-ադրբեջանական այնպիսի խորամանկություն, ցավալի է, որ Հայաստանի միամիտ իշխանությունները դա չեն հասկանում։ Ադրբեջանցիներն իրենց ճնշումներով փորձելու են ռազմավարական կարևոր կետերը, բարձունքները, աշխարհագրական դիրքերը զբաղեցնեն, որպեսզի հետագայում այդ հատվածներում ճնշումներն արցախահայության վրա կարողանան շարունակական դարձնել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը։