«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը միացել է 2022 թ. ապրիլի 13-ին Նյու Յորք քաղաքի «Կարնեգի հոլում» տեղի ունեցած հիշատակի միջոցառմանը: Այն նվիրված էր Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, դոկտոր Գրեգորյանի հիշատակին, որը կյանքից հեռացավ 2021 թ. ապրիլին: Միջոցառումը կազմակերպել էր Նյու Յորքի Կարնեգի կորպորացիան:
Միջոցառման ընթացքում Գրեգորյան ընտանիքի անդամները, Վարդան Գրեգորյանի ընկերներն ու ականավոր գործընկերները ներկայացրին նրա մասին իրենց հիշողություններն ու նրանից սովորածը: Միջոցառման մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին դոկտոր Գրեգորյանին՝ բարեգործության, գրադարանային գործում, կրթական հաստատություններում, արվեստի եւ մշակութային կազմակերպություններում ունեցած բացառիկ ձեռքբերումների համար: Ներկայացվեցին Վարդան Գրեգորյանի կյանքի յուրաքանչյուր փուլին վերաբերող լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք ընդմիջվում էին նրա մասին անձնական հիշողություններով լի հուզիչ տեսաուղերձներով:
«Երկար տարիներ, որ ճանաչել եմ Վարդանին, միշտ զգացել եմ նրա հայացքն իմ թիկունքում, որ անհանգստանում էր ինձ համար, մարտահրավեր նետում եւ առաջնորդում: Եվ ես զգում եմ, որ նա այսօր եւս ներկա է այստեղ եւ հետեւում է մեզ բոլորիս: Վարդանն ուղեվար լույս էր, որ փայլում էր նրանց համար, ովքեր գիտեին նրան, եւ նրանց համար, ովքեր չգիտեին»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն, «Մոդեռնայի» համահիմնադիր եւ նախագահ Նուբար Աֆեյանը:
Ծնվելով Իրանի Թավրիզ քաղաքում՝ արդեն երիտասարդ տարիքում Վարդան Գրեգորյանն անհամար մարտահրավերներ հաղթահարեց Միացյալ Նահանգներում՝ իբրեւ ներգաղթյալ: Բայց նա շարունակեց նշանակալի կարիերա կառուցել, որը տեւեց մի քանի տասնամյակ՝ հատելով իրեն հյուրընկալող երկրի գիտական, բարեգործական եւ մշակութային սահմանները: Նա կարեւոր ներդրում է ունեցել անթիվ ծրագրերում եւ հիմնադրամներում: Նա եղել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներից մեկը. նախաձեռնություն, որը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն ամբողջ աշխարհում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին:
«Ավրորան» էապես բարեփոխել է խիստ կարիքի մեջ գտնվող մարդկանց կյանքը՝ բացահայտելով եւ աջակցելով մարդասեր հերոսներին ու նրանց խիզախ գործունեությունն ամբողջ աշխարհում: Վարդան Գրեգորյանի հիշատակին նվիրված միջոցառմանը ներկա էին «Ավրորայի» համայնքի ներկայացուցիչները, այդ թվում՝ նախաձեռնության համահիմնադիրները, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահն ու մի քանի անդամներ, ինչպես նաեւ «Ավրորա» մրցանակի դափնեկիրները: