Թուրքական դեսպանատան հիմնարկեքի առիթով այս օրերին Ուրուգվայում գտնվող Թուրքիայի ԱԳՆ նախարար Մևլութ Չավուշօղլին Մոնտեվիդեոյում բողոքի ելած հայոց Մեծ Եղեռնի նահատակների ոգեկոչման մասնակիցներին արձագանքել է արհամարհական քմծիծաղով` ձեռքով ցույց տալով «Գորշ գայլեր» միջազգային ահաբեկչական խմբավորման պայմանանշանը: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Տեղեկացնենք, որ աշխարհի շատ երկրներում արգելված է ահաբեկչական այս կազմակերպության ոչ միայն գործունեությունը, այլև գոյությունը վկայող տարրերի հիշատակումը:
«Օտարեկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ հատուկ ծառայությունների գործունեությունը կարգավորող նորմատիվային փաստաթղթերի համաձայն արգելափակվում է այն անձի մուտքը Հայաստանի Հանրապետություն, ով հարում է այնպիսի կազմակերպության, որի նպատակն է վնաս պատճառել մեր երկրի պետական անվտանգությանը, իրականացնել ահաբեկչական գործունեություն:
«Գորշ գայլեր» կազմակերպությունը Հայաստանի ու ողջ հայության համար դե ֆակտո և դե յուրե այդպիսին է հանդիսանում: Տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետությունում արգելվել է նման կարգավիճակում գտնվող կազմակերպությունների հետ հնարավոր կապ ունեցող անձանց մուտքը Հայաստան: Այսօր էլ փաստորեն առկա են բոլոր հիմքերը Թուրքիայի ԱԳՆ նախարար Մևլութ Չավուշօղլուի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելափակելու համար, ինչ սակայն իրատեսական չենք համարում` հաշվի առնելով, որ երկրում վարվում է պրոթուրքական քաղաքականություն: