Այս պահին Հանրապետության հրապարակում Ազատագրական շարժումը «Ազատագրում ստից և ստախոսներից» թեմայով իրազեկման ակցիա է իրականացնում։
Շարժման հիմնադիր անդամ, փաստաբան Արա Զոհրաբյանը լրագրողներին հետ զրույցում ասաց, որ Ոստիկանությունը, երեկ, երգիծանկարի պատճառով բերման ենթարկելով ակցիայի մասնակիցներին, հատել է բոլոր կարմիր գծերը։
Այս պահին ևս ոստիկանությունը փորձում է խոչընդոտել և թույլ չտալ Արա Զոհրաբյանի ազատ տեղաշարժը՝ չներկայացնելով որևէ հիմնավորում։ «Նրանք այս ծաղրանկարում պատկերված անձին նմանեցնում են ինչ-որ մեկին և ըստ դրա թույլ չեն տալիս ակցիա իրականացնել։ Այս պայմաններում, եթե որևէ արգելք չկա օրենքով որևէ գործողություն անցկացնելու, ես կարող եմ անել։ Հենց հիմա տեսնում եք, որ մարդիկ քայլում են Կառավարության մոտով, բայց ինձ թույլ չեն տալիս, քանի որ իմ ձեռքին կա այս ծաղրանկարը։ Եթե ես այդ նկարը հիմա փակեմ, իմ բոլոր խոչընդոտները կվերանան։ Այսինքն՝ խոչընդոտվում է մարդկանց ազատ տեղաշարժը։ Նույնիսկ ամենաբռնատիրական երկրում նման բան չի լինում։ Մարդը, ծաղրանկարով ուզում է քայլել, բայց թույլ չեն տալիս։ Սա հավաք չէ, ես միայնակ եմ» ,- ասաց Արա Զոհրաբյանը։
Արա Զոհրաբյանը նշեց, որ ապօրինի ձերբակալել են իրենց Շարժման անդամ Վահագն Չախալյանին։