Ակցիան չսկսած մեր գործընկեր Վահագն Չախալյանին առևանգելը խոսում է մեկ բանի մասին՝ հայրենիքի մեջ ոստիկանապետություն է ստեղծվում։ Չի կարող նման բան լինել։ Ակցիան չսկսած, խախտում չեղած, ակտիվիստ գողանալ տանելը հատուկ է միայն բռնատիրական կարգերով երկրներին։ Սա բացահայտ խախտում է մարդկային իրավունքները։ Այս մասին ասաց «Ազատագրական շարժման» շարժման անդամ, Լիբանանի Զարթոնք օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը։
«Երգիծանկարը, որպես մշակութային ակտ չհամարելը, դա սխալ մեկնաբանելը և վիրավորվելը, նշանակում է՝ այստեղ մի ինչ-որ բան սխալ է։ Իմ վախն այն է, որ երկրում բռնապետություն է կառուցվում, երբ երգիծանկարը այսքան աղմուկ է բարձրացնում իշխանության մոտ»,- ասաց Հակոբյանը։
Սևակ Հակոբյանի խոսքով՝ ոստիկանությունը կամ իշխանությունը ֆիքսվել է «Ազատագրական շարժման» որոշ անդամների վրա, որոնք ունեն յուրահատուկ գաղափարներ, և սկսում են ժողովրդականություն վայելել։
Լրագրողի հարցին, Սփյուռքի դերակատարումն ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանում այս օրերին տեղի ունեցող իրադարձությունների գործում, Սևակ Հակոբյանն ասաց՝ հեռակա հայրենասիրություն հնարավոր չէ։
«Ես Սփյուռքին մեկ բանում եմ մեղադրում՝ հեռակա հայրենասիրություն հնարավո չէ։ Հայրենասերը պետք է գա այստեղ պայքարի ու ցույց տա իր հայրենասիրությունը։ Սփյուռքում մեր բոլոր աշխատանքները, թերթերը, մշակութային ձեռնարկները անիմաստ են, եթե հայրենիք կորցնենք։ Ես կոչ եմ անում Սփյուռքի մեր բոլոր ներկայացուցիչներին գալ ու այստեղ ցույց տալ իրենց հայրենասիրությունը։ Բաժակաճառերով չէ հայրենասիրությունը »,- ասաց Շարժման անդամ Սևակ Հակոբյանը։
Նա նշեց, որ իրենք ողջունում են ընդդիմության այս ապակենտրոնացված պայքարը։ Հակոբյանը կարծիք հայտնեց՝ բողոքի ալիքը ինչ-որ բանի հասնելու է։ «Ինքը՝ Փաշինյանը պետք է որոշի կգնա հրաժարականի ճանապարհով թե ոչ, բայց այս բոլոր գործողությունները պետք է ծառայեն հենց այդ նպատակին»,- եզրափակեց Ս․ Հակոբյանը։