Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձյալ անդրադարձավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից կառավարությանը բաժնեմաս նվիրելու գործարքին ու դրա շուրջ տարատեսակ մեկնաբանություններին, փոխանցում է Sputnik Արմենիան։
«Ժամանակ առ ժամանակ այդ թեման ծագում է, որ կառավարությունը չի բացահայտում, թե ինչպես է դարձել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր։ Ոմանք նույնիսկ ասում են «կասկածելի գործարք», «կոռուպցիոն գործարք»։ Սա շատ զարմանալի բան է։ Եթե որևէ իշխանավոր կամ իշխանավորի հորեղբոր տղա օֆշորներով այս սեփականությանը տեր դառնար, ոչ ոք չէր անհանգստանա, ինչպես եղել է միշտ, բայց որ պետությունը գույք է ձեռք բերել, չգիտես ինչու, կասկածելի է թվում։ Ի՞նչն է կասկածելի։ Ներդրողը, որը ձեռք է բերել նախկին բաժնետերերից բաժնեմաս, որոշել է ՀՀ–ին նվիրատվություն անել, և կառավարությունն էլ շնորհակալությամբ ընդունել է այդ նվիրատվությունը»,– ասաց Փաշինյանը։
Իսկ թե ինչու է ներդրողը որոշել նվիրատվություն անել, վարչապետը մեկնաբանեց նրանով, որ շուրջ 400 մլրդ դոլարի ներդրումային ծրագիրն առանց պետության մասնակցության հնարավոր չէ իրականացնել։