Իշխանությունն ակնհայտորեն սարսափներ ունի, քանի որ մեր քաղաքացիները ոտքի են կանգնում, գիտակցում են իրավիճակի լրջությունը և այսօր փողոցներում են: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, ընդդիմության երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, գրում է News.am-ը։
Ըստ նրա, բնական է, որ այս ամենը չէր կարող չանհանգստացնել իշխանություններին։
Ինչ վերաբերում է մայիսի 4-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ կարևոր բացահայտում է հնչեցնելու, Աբրահամյանն ասաց. «Փաշինյանը փորձում է տեղեկատվական վակումը լցնել ու ապահովել իրենց քարոզչությունն ընդհանուր տեղեկատվական հարթակում։ Այլ բան չի կարող լինել։ Եթե Փաշինյանն ունենար այնպիսի տեղեկատվություն, որը կարող էր սենսացիոն լիներ, նա 4 տարի չէր սպասի ու վաղուց կհրապարակեր։
Այս իշխանությունը հայտնի է միայն իր կեղծիքով, ստախոսությամբ, այս պայմաններում ակնկակալել որևէ լուրջ բան, իմաստ չունի»։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքելով իր հրաժարականի հանրային պահանջին, որն ընթերցել էր «Հայաստան» խմբակցությունից Արմեն Ռուստամյանը, հայտարարեց. «Հիմա շատ կարևոր բացահայտում է հնչելու, պետք չի թողել աղմուկ-աղաղակի մեջ կորի»: Սակայն ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը:
Սրան Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Ախ չեք ուզում լսել… Բա էդ ասեք։ Ոնց միշտ փախել եք, տենց միշտ փախնելու եք»։