ԱՄՆ Պետդեպարտամենտը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում շարունակել ակտիվացնել դիվանագիտական փոխգործակցությունը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կամ դրանից բխող բոլոր չլուծված հարցերի լուծումները գտնելու համար օգտագործել ուղիղ փոխգործակցության գոյություն ունեցող մեխանիզմները։ Ճեպազրույցի ժամանակ նման կոչով է հանդես եկել Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
«Մենք այդ մասին մի քիչ խոսել ենք նախորդ շաբաթ. պետքարտուղար Էնթոնի Բլինկենը շաբաթներ առաջ հնարավորություն է ունեցել խոսել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ։ Մենք, ինչպես նախկինում, հավատարիմ ենք Հարավային Կովկասում խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի զարգացմանը»,–ասել է Փրայսը։
Նրա խոսքով` Պետդեպը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին համապարփակ խաղաղ համաձայնագրի կնքման միջոցով հարաբերությունները կարգավորել: