ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արկադի Փելեշյանը: ՀՀ կառավարության պաշտոնական կայքում հրապարակված որոշման մեջ ասվում է.
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 թվականի ապրիլի 1-ի ՀՕ-71-Ն օրենքի 2-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասերին համապատասխան`
Արկադի Փելեշյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Նշենք, որ Արկադի Փելեշյանը դեռ 2008 թվականին դատապարտվել է խուլիգանության համար։ Ըստ դատավճռի, նա ակոհոլ օգտագործած վիճակում, իր ընկերների հետ գնացել է Վանաձորի խանութներից մեկը, վիճել է խանութի աշխատողների հետ, հայհոյելով խախտել է խանութի բնականոն աշխատանքը, խանգարել է բնակիչների անդորրը, ջարդել է խանութում եղած ապրանքները։ Դատարանը Փելեշյանին դատապարտել է խուլիգանության համար՝ որպես պատիժ սահմանելով 150 հազար դրամի տուգանք:
Փելեշյանն իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել էր նաև հինգ տարի առաջ։ Վանաձորի ընտրություններից երկու օր անց նա ծեծել էր տեղի Ավետարանական հավատքի քրիստոնեական եկեղեցու հոգևոր առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանին։