Չորեքշաբթի, 9 Հոկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Պաշտոնական Բաքվից դեռ շարունակվում է այլատյաց հռետորաբանությունը հայերի նկատմամբ․ Արարատ Միրզոյան

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել հնդկական առաջատար «ՎԻՈՆ» լրատվամիջոցին, որը ներկայացված է ստորև.

Հարց․ Ինչպե՞ս եք գնահատում Հնդկաստան-Հայաստան հարաբերությունները:

Պատասխան․ Այս տարի լրանում է Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Թեև մեր երկու երկրների հարաբերություններն ընդամենը 30 տարվա վաղեմություն ունեն, սակայն քաջ հայտնի է, որ հայ և հնդիկ ժողովուրդներն ունեն սերտ փոխգործակցության դարավոր հարուստ պատմություն, որը վերածվել է փոխադարձ համակրանքի և բարեկամական հարաբերությունների։

16-րդ դարից ի վեր հայերը զգալի ներկայություն են ունեցել Ագրայում, Սուրատում, Չեննայում, Կալկաթայում և այլ առևտրային կենտրոններում։ Նրանք այստեղ բարգավաճել են գլոբալիզացիայի սկզբնական փուլից ի վեր, և այժմ մեր ժառանգությունը Հնդկաստանում, որը գալիս է այդ ժամանակահատվածից, խնամքով պահպանվում է, ինչը մենք բարձր ենք գնահատում:

Հարկ է նաև նշել, որ Հայաստանում ունենք հնդիկ ուսանողների և գործարարների հզոր համայնք։ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը և Հնդկական մշակութային կենտրոնը մեծ աշխատանք են կատարում մեր երկրների, ժողովուրդների և գործարար շրջանակների մերձեցման ուղղությամբ, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան ավելի մեծ օգուտ քաղել մեր կապերի զարգացումից

Մեր երկրները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խթանելու հսկայական ներուժ ունեն, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի, սննդի արտադրության, առողջապահության, դեղագործական արդյունաբերության, զբոսաշրջության, մշակույթի և պաշտպանության ոլորտներում

Եվ ի վերջո, մեր երկրները բավականին ընդհանուր շահեր ունեն տարածաշրջանային և միջազգային խնդիրների առնչությամբ։ Մենք բարձր ենք գնահատում Հնդկաստանի շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Ընդհանուր առմամբ, Հայաստանը արժևորում է Հնդկաստանի հավասարակշռված և կայունացնող դիրքը համաշխարհային ցնցումների այս ժամանակներում։ Հնդկաստանը գլոբալ և տարածաշրջանային կայունության կարևոր հենարան է և մեծ տերություն, որն իրավամբ ձգտում է ավելի մեծ դեր ունենալ միջազգային հարաբերություններում և շատերի կողմից ընկալվում է որպես բարորություն կերտող

Հաշվի առնելով թվարկված բոլոր գործոնները՝ Հայաստանի կառավարությունն իր ռազմավարական առաջնահերթություններից է համարում աշխարհի ամենամեծ ժողովրդավարական երկրի՝ Հնդկաստանի հետ համագործակցության հետագա ամրապնդումը։

Հարց․ Ապրիլի վերջին այցելել եք Հնդկաստան։ Ո՞րն էր Ձեր այցի հիմնական նպատակը: Անցյալ տարի Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Ջայշանկարն էր այցելել Ձեր երկիր:

Պատասխան․ Նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ անցյալ տարի Դուշանբեում մեր հանդիպումը նոր խթան հաղորդեց մեր երկկողմ հարաբերություններին։ Այնուհետև նախարար Ջայշանկարն անցյալ տարվա աշնանը նշանակալից այց կատարեց Հայաստան, և այդ այցի ընթացքում մշակվեց ավելի լայն ներգրավվածության ճանապարհային քարտեզ՝ սկսած քաղաքական երկխոսությունից մինչև ծանրակշիռ բազմահաոլորտ համագործակցություն: Հետագայում արդեն կոնկրետ քայլեր են ձեռնարկվել ճանապարհային քարտեզի իրականացման ուղղությամբ։

Մասնակցությունը «Raisina Dialogue» համաժողովին, որն, ի դեպ, այս տարի արժանացել է հատուկ համաշխարհային ուշադրության, լավ հնարավորություն ընձեռեց՝շարունակելու մեր երկխոսությունը և նախարար Ջայշանկարի հետ միասին գնահատելու արդեն կատարված աշխատանքն ու նախանշելու նոր հավակնոտ նշաձողեր:

Ի լրումն, այս այցի ընթացքում հատուկ շեշտադրվել է մեր երկրների միջև տնտեսական համագործակցության խթանումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր պատվիրակությանն ուղեկցում էին հայկական առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ։ Մենք մասնակցել ենք հայ-հնդկական բիզնես ֆորումներին Նյու Դելիում և Մումբայում։ Նման միջոցառումները և շարունակական բիզնեսը բիզնեսի հետ շփումները մեր գործարար շրջանակներին կմոտեցնեն միմյանց:

Այժմ հաջորդ քայլը կլինի հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որը մենք պատրաստվում ենք հյուրընկալել Հայաստանում այս ամռանը։ Ինչպես տեսնում եք, սա բավականին տպավորիչ դինամիկա է։

Հարց․ Ի՞նչ կարելի է ակնկալել պաշտպանության ոլորտում հարաբերություններից: Սա և՞ս քննարկվել է արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ժամանակ։

Պատասխան․ Մեր պաշտպանության նախարարությունները լավ կապեր են հաստատել, և նրանց միջև աստիճանաբար զարգանում է ռազմատեխնիկական համագործակցությունը։ Հայաստանը Հնդկաստանում մասնակցել է մի շարք ցուցահանդեսների։ Անկասկած է, որ վերջին տարիներին Հնդկաստանը սրընթաց առաջընթաց է գրանցել պաշտպանական տեխնոլոգիաների և արդյունաբերության ոլորտում, ինչը, իհարկե, շատ հետաքրքիր է Հայաստանի պաշտպանության ոլորտի համար։ Կարծում եմ՝ մեր մասնագետները պետք է ուսումնասիրեն հետագա համագործակցության հնարավորությունները։

Հարց․ Կոմունիկացիաների մասով ինչպե՞ս եք գնահատում այնպիսի նախագծերը, ինչպիսիք են «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը, և արդյո՞ք կմիանաք Չաբահար նավահանգստի նախագծին:

Պատասխան․ Մենք ակտիվորեն քննարկում ենք կոմունիկացիոն մի շարք նախագծեր։ Այս առումով մենք շահագրգռված ենք զարգացնել մեր երկխոսությունն ու համագործակցությունը «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի, Չաբահար նավահանգստի, ինչպես նաև «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում, և այս հարցում նույնպես շփվում ենք այլ գործընկերների հետ։ Հայաստանն այս միջանցքում Հնդկաստանի ներուժն ու հեռանկարային դերը համարում է բավականին նշանակալի։ Այս առումով մենք նաև ողջունում ենք հնդկական ընկերությունների ակտիվ ներգրավածությունը Հայաստանի ենթակառուցվածքային ծրագրերում։

Հարց․ Ինչպե՞ս է իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Ինչպե՞ս է այժմ ընթանում Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը։ Մոտ ապագայում ԼՂ հիմնախնդրի կարգավորման ակնկալիք ունե՞ք։

Պատասխան․ Մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ անկայուն և լարված: 2020 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի հետցնցումները դեռևս ազդում են Հայաստանի և ողջ տարածաշրջանի վրա։ Թեև լայնածավալ ռազմական գործողությունները դադարեցվեցին 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարից հետո, սակայն շատ հարցեր դեռևս լուծված չեն։

Բացահայտ կերպով խախտելով Եռակողմ հայտարարության դրույթները և միջազգային մարդասիրական իրավունքը, և անտեսելով միջազգային հանրության հստակ կոչերը՝ Ադրբեջանը հրաժարվում է ազատ արձակել հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց։ Մեկ այլ խնդիր է պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման, պղծման և ինքնության խեղաթյուրման իրական վտանգը։ Ադրբեջանը խոչընդոտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելության գործուղումը հակամարտությունից տուժած տարածքներ, ինչը կօգնի լիակատար ոչնչացումից պաշտպանել հայկական ժառանգությունը։

Պաշտոնական Բաքվից դեռ շարունակվում է այլատյաց հռետորաբանությունը հայերի նկատմամբ։ Դեռևս հոգեբանական տեռոր է իրականացվում Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ, ինչպես, օրինակ, բարձրախոսներով հնչեցվող կոչերը՝ լքելու իրենց տները՝ հակառակ դեպքում սպառնալով ստիպել, որ լքեն, կամ գազամատակարարման դադարեցումը եղանակային ծանր պայմաններում: Լեռնային Ղարաբաղի շուրջ դեռևս հրադադարի խախտումներ են տեղի ունենում: Վերջին դեպքը մարտի 24-ին ադրբեջանական զինուժի ներխուժումն է Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ։

Այնուամենայնիվ, մենք կարծում ենք, որ լուծումը խաղաղությունն է, ոչ թե պատերազմը, և Հայաստանը շարունակում է իր ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության շուրջ, որը կներառի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորում, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բոլոր իրավունքների պաշտպանությունը և նրա վերջնական կարգավիճակը։

Մայիսի 22-ին Բրյուսելում կայացած երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսել աշխատանքները հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և անվտանգության ապահովման, ավարտել բանակցությունները տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների բացման ուղղությամբ և աշխատանքներ տանել համապարփակ խաղաղ բանակցությունների նախապատրաստման շուրջ։ Եթե Ադրբեջանը դրսևորի կառուցողական մոտեցում և զերծ մնա գործընթացի ընթացքում խոչընդոտներ ստեղծելուց, ինչպես նախկինում շատ անգամներ արել է, ես կարծում եմ, որ մենք կարող ենք առաջ շարժվել:

Հարց․ Ինչ վերաբերում է 2020 թվականի պատերազմին, ապա տեղեկություններ կային, որ պակիստանցի վարձկանները աջակցում են Ադրբեջանին։ Ի՞նչ կարող եք ասել այդ մասին:

Պատասխան․ Այո, եղել է նման տեղեկատվություն Վարձկանների մեծ մասը տեղափոխվել էին Մերձավոր Արևելքից, ինչը հաստատել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետախուզական ծառայությունները։ Վարձկանների ցանկացած ներգրավում ավելի է սրում իրավիճակը, քանի որ այն ավելի լայն տարածաշրջանային ասպեկտ է հաղորդում լոկալ հակամարտությանը և իր բնույթով արկածախնդիր է ու անօրինական: Նման գործողությունները միշտ երկարատև և բացասական ազդեցություն են թողնում տարածաշրջանային իրավիճակի վրա՝ նույնիսկ երբ այն կայունացնել է։

Հարց․ Պակիստանը աջակցում է անդրսահմանային ահաբեկչությանը hնդկական Ջամմու և Քաշմիր միութենական տարածքում և շարունակում է գրավված պահել դրա որոշակի մասը, որը Պակիստանի օկուպացրած Քաշմիրն է: Ինչպե՞ս եք տեսնում Իսլամաբադի դերը տարածաշրջանում:

Պատասխան․ Ահաբեկչությունը տեղ չունի ժամանակակից աշխարհում և դատապարտելի է՝ իր բոլոր դրսևորումներով։ Մենք աջակցել ենք Հնդկաստանին Ջամուի և Քաշմիրի հարցում ու կշարունակենք աջակցել:

Հարց․ Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի հետ հարաբերությունները: Ի՞նչ կարող եք ասել մեզ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Պատասխան․ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը 1990-ականների սկզբին միակողմանիորեն փակվել է Թուրքիայի կողմից, և երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ չունեն։ Ինչպես հավանաբար գիտեք, այժմ կարգավորման գործընթացի համար հատուկ ներկայացուցիչներ են նշանակվել, և արդեն կայացել է երեք հանդիպում, որտեղ կողմերը որոշել են առանց որևէ նախապայմանների առաջ շարժվել՝ սահմանները բացելու նպատակով։ Այդ գործընթացին դրական դինամիկա հաղորդելու համար ես վերջերս ընդունեցի Թուրքիայի արտգործնախարարի հրավերը և մեկնեցի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին և ֆորումի շրջանակներում հանդիպեցի իմ գործընկերոջ հետ։

Կարծում ենք, որ կարգավորման հասնելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք և կոնկրետ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն։ Հայկական կողմը բազմիցս երկուսն էլ ցուցաբերել է, և նույնն ակնկալում ենք թուրքական կողմից։

Չնայած բոլոր ռիսկերին և փխրունությանը, մեր տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հնարավորություն կա, և Հայաստանը շարունակելու է իր ջանքերը՝ նպաստելու այդ հնարավորության իրականացմանը։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img