Ընդդիմությունը եթե գործընկերային է, այդպիսի պատասխան կստանա։ Եթե ընդդիմությունը որոշ պահանջներ է ներկայացնում, բարոյականության և քաղաքակրթական սահմաններից դուրս է գալիս, իշխանությունն էլ իհարկե պետք իր բարձրությունից պատասխանի, բայց եթե ընդդիմությունը շարունակում է նույն կերպ գործել, իգնորի կենթարկվի։ Այս մասին հայտարարեց ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունանը՝ խոսելով ընդդիմադիրների գործողությունների մասին։
«Մի հատ նայեք, այդ ընդդիմությունը ինչպես էր իրեն պահում՝ ներխուժելով ԱԳՆ շենք, ինչպես է իրեն պահում այն մարդկանց հետ, ովքեր բանակցում են Արցախի հարցով։ Ընդդիմությունը խնդիրներ է ստեղծում արտաքին քաղաքական դաշտում այդ մարդկանց համար, չնայած որ թույլ ընդդիմություն է։ Իշխանությունը հայտարարություն է անում այն ժամանակ, երբ անհրաժեշտ է դա։ Դուք գիտեք, որ կա բանակցային գործընթաց, որիտեղ որոշակի տակտիկա կա, ռազմավարություն ու մարտավարություն, և ընդդիմությունը չէ, որ այդ պահվածքով պետք է ստիպի, որպեսզի Կառավարությունն ու իշխանությունը շեղվի այդ ծրագրերից»,- ասաց Հարությունյանը։
Արայիկ Հարությունյանը հիշեց Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիները և Արցախի հարցում նրա վարած քաղաքականությունը։
«TV5 հեռուստաալիքի ստվերային սեփականտերը, երբ 1998-2008 թվականներին, կամեռաների առաջ կարող էր ասել, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, թեպետ չեմ հիշում նման բան ասած լինի, համենայն դեպս կեցվածքն այդպիսին էր, բայց կարող էր գնալ Մեղրիի փոխանակման տարբերակներ քննարկել։ Հիմա ավելի լավ է բանակցություններում գնաս շատի հասնես քիչ խոսես, թե շատ խոսես ու գնաս դավաճանական բաներ անես։ Մենք միանշանակ հասնելու ենք շատին»,- նշեց Արայիկ Հարությունյանը։