Կառավարությունը ռազմաուսումնական հաստատություն ավարտած և Պաշտպանության նախարարության համակարգում սպայական պաշտոնի նշանակված զինծառայողի համար սահմանեց բնակարանային ապահովման նոր տեսակ՝ անհատույց օգտագործման և անհատույց սեփականության իրավունքով բնակարան ստանալու իրավունք: Կառավարության նիստին նախագիծը ներկայացրեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Գործընթացը ենթադրում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողներին ուսումնառությունը ավարտելուց հետո անհատույց օգտագործման իրավունքով ծառայողական բնակարանների հատկացում։ Իսկ 20 տարվա զինվորական ժամկետը լրանալու, ինչպես նաև մինչ պայմանագրի ժամկետը լրանալը առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու և հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունքի ձեռք բերելու դեպքում այդ բնակարանը զինծառայողին անհատույց սեփականության իրավունքով տրամադրում։
Բացի այդ, նախատեսվում է, որ պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում զինծառայողի զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհվելու, մահանալու դեպքում, զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրվում է նրա ընտանիքի անդամներին»,- ասաց Պապիկյանը։