ՀՀ առողջապահության նախարարությունում արդեն ամփոփվել են ապահովագրական համակարգի հաշվարկներն ու այն գլխավոր կետերը, որոնց վրա հիմնվելու է համակարգը: Այս մասին հայտնել է նախարար Անահիտ Ավանեսյանը՝ Առողջապահության հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հունիսի 7-ի համատեղ նիստում:
Հայեցակարգն այժմ Կառավարության քննարկման տիրույթում է: «Հայեցակարգի ու դրա հետ կապված օրենսդրության ընդունումը պատկերացնում ենք մինչեւ 2023 թ.: Հենց հայեցակարգում էլ ներառված է, որ համակարգն աստիճանաբար է ներդրվելու և ունենալու է ներդրման փուլեր: Կարծում եմ՝ մեկ ամսվա ընթացքում լրիվ կամփոփենք ամբողջական կարծիքը և ԱԺ-ին կներկայացնենք հայեցակարգը, որի վրա էլ հետո հիմնվելու է օրենքը»,- նշել է նախարարը։