Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, խոսելով հունիսի 3-ին ոստիկանների և քաղաքացիների միջև բախման մասին, ասաց՝ ոստիկանները համաչափ գործողություններ են իրականացրել։
«Տվյալ պահին ոստիկանները տվյալ իրականացրել են այն, ինչը անհրաժեշտ է եղել։ Դուք կարծու՞մ եք, որ հավաքը խախաղ բնու՞յթ էր կրում։ Ակնհայտ էր, որ այնտեղ եղել են և՛ քարեր, և՛ այլ առարկաներ ու սկիզբը դրվել է հենց հավաքի մասնակիցների կողմից։ Հետևաբար, երբ նման գործողություններ են սկսվում, ակնհայտ է, որ խաղաղից անցնում է ոչ խաղաղ բնույթի և այս դեպքում ոստիկանությունը կարող է օրենքով սահմանված ցանկացած միջոց կիրառել։ Քաղաքացին ցանկանում է քարով նետել ոստիկանի վրա, բայց չի՞ ցանկանում վնասվածք ստանալ։ Ոչ-ոք չի ասում, որ բոլոր քաղաքացիներն են պատասխանատու այդ քարեր նետող քաղաքացիների համար։ Այսօր արդեն այն անձինք, ովքեր կասկածվում են այդ արարքների մեջ, նրանց նկատմամբ իրավական գործընթաց է սկսվել։ Մեզ մոտ՝ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում, կան նյութեր, իսկ քրեական գործ ոստիկանությունը չի հարուցում»,- ասաց Արա Ֆիդանյանը։
Նրա խոսքով՝ ոստիկանությունը չի եղել այդ օրվա բախման հրահրողը։ Փոխոստիկանապետը կոչ արեց լրագրողներին չհայտնվել այն թեժ պահերին և չխոչընդոտել ոստիկանության բնականոն աշխատանքը, այդկերպ չբախվելով ոստիկանի ոչ բարեկիրթ պահվածքի հետ։
«Սադրանքներն անչափ շատ են։ Գերլարված վիճակ է։ Երբ գալիս են քորոցներով աննկատ ծակում են բերետավորներին, դա նորմա՞լ է։ Դա դուք նորմա՞լ եք ընդունում։ Դրանից հետո, կարծում եք՝ կարմիր բերետավոր լինի թե այլ ծառայող, կկարողանա՞ ինքնատիրապետել իրեն։ Երբ իրենց հայհոյում են, դա նորմա՞լ է»,- նշեց Արա Ֆիդանյանը։