Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազն Ասկերանում խորհրդակցություն է անցկացրել Արցախի կայազորների զինվորական դատախազությունների դատախազների հետ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով գտնվում է Արցախի Հանրապետությունում:
ՀՀ գլխավոր դատախազը Ասկերանում խորհրդակցություն է անցկացրել ՀՀ զինվորական դատախազության տեղի կայազորների զինվորական դատախազությունների դատախազների հետ:
Քննարկվել են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և ԶՈՒ-ի կողմից Արցախի դեմ 2020թ. սանձազերծված ագրեսիվ պատերազմից հետո նոր իրողությունների պայմաններում կայազորների զինվորական դատախազությունների աշխատանքի կազմակերպման խնդիրները, զինված ուժերում հանցավորության ընդհանուր վիճակն ու միտումները, ինչպես նաև շփման գծի ԶՈՒ հսկողության գոտիների անվտանգության հետ կապված հարցերը:
Գոհունակությամբ ընդգծվել է, որ 2022թ. անցած ամիսների ընթացքում զինված ուժերում արձանագրվել է առանձին հանցատեսակներով հանցագործության դեպքերի նշանակալի նվազում:
Էականորեն նվազել են զինվորական ծառայության կրման, զինծառայողների ներքին փոխհարաբերությունների հետ կապված հանցագործությունները:
2022թ. ընթացքում Արցախի զինված ուժերում ներքին հարաբերությունների հետ կապված սպանության դեպքեր և սպանության փորձեր տեղի չեն ունեցել:
Ընդհանուր առմամբ, Արցախի Զինված ուժերում հանցավորության վիճակի վերլուծությունը փաստում է, որ բանակում բարձրացել է կանոնադրային կանոնների պահպանման, ընդհանուր կարգապահության մակարդակը:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել են հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով 3 զինծառայողի սպանության և 16 զինծառայողի սպանության փորձի դեպքեր: Այս համատեքստում խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման, զինծառայողների, բնակչության կյանքի իրավունքի պաշտպանության և անվտանգության ապահովման խնդիրներին:
Կարևորվել է առաջնագծում ԶՈւ զինծառայողների մարտական հերթապահության պայմանների բարելավման, դիրքերի կահավորման՝ արդյունավետ շարունակվող գործընթացի նկատմամբ պատշաճ ուշադրությունը, ինչպես նաև ՌԴ խաղաղապահ զորախմբին սպասարկող ՌԴ դատախազության ներկայացուցիչների հետ օպերատիվ կապի պահպանման անհրաժեշտությունը:
Արթուր Դավթյանը կայազորների զինվորական դատախազությունների դատախազներին հանձնարարել է ԶՈՒ ստորաբաժանումներում հանցագործությունների կանխարգելման խնդրի կարևորությունից ելնելով՝ հաճախակի լինել դրանց տեղակայման վայրերում, հրամանատարական կազմի և շարքային զինծառայողների հետ տանել հանցավորության դեմ պայքարի շրջանակներում իրենց պարտականությունների վերաբերյալ իրազեկման, ինչպես նաև զինծառայողների պարագայում իրավունքների պաշտպանության մեխանիզմների մասին բացատրական աշխատանքներ»,- նշված է գրառման մեջ:
ՀՀ գլխավոր դատախազը նաև հորդորել է ավելի մեծ նախաձեռնողականություն ցուցաբերել ԶՈւ-երում հանցագործության դեպքերով քննվող քրեական գործերի շրջանակներում դրանց նպաստող պատճառների և պայմանների վերհանման, այդպիսիք վերացնելու նպատակով իրավասու պետական մարմիններին միջնորդագրեր ներկայացնելու իր հանձնարարության կատարման հարցում: