ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 16-ին հանդիպել է իր ռուս պաշտոնակցի` Նիկոլայ Պատրուշևի հետ, ով ժամանել է Երևան ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով:
«Հանդիպմանը վստահություն եմ հայտնել, որ երկու երկրների Անվտանգության խորհուրդների գրասենյակների միջև համագործակցության շրջանակը ընդլայնելու համար կան բոլոր անհրաժեշտ հնարավորությունները և նախադրյալները:
Երկկողմ համագործակցության շրջանակներում քննարկել ենք անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Նիկոլայ Պատրուշևը շեշտել է, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական կարևոր գործընկեր պետություն է և Մոսկվան աջակցում է Հայաստանին տարածաշրջանային անվտանգության ապահովման գործընթացներում։
Ռուս գործընկերոջս ներկայացրել եմ տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը, սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների աշխատանքների ընթացքը, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- ֆեյսբուքյան էջում հայտնել է Արմեն Գրիգորյանը: