Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը պաշտոնավարման 100 օրվա առիթով, որի շրջանակում անդրադարձել է ընդդիմության գործունեությանը, Արցախի հարցում նրանց հայտարարություններին և լոզունգներին։
Պետրոս Ղազարյան — Ընդդիմությունը մի այսպիսի թեզ ունի, Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում:
Նախագահ Վահագն Խաչատուրյան — Պետք է իրատես լինենք,եթե դուք հայտարարում եք, դուք զրկվում եք մանևրելու իրավունքից, պետք է կարողանանք քաղաքականությունն ու դիվանագիտությունը տարբերենք պոպուլիզմից և հանրային խոսքից: Մենք սա չենք անում, մենք ամեն ինչ խառնում ենք իրար: Եվ պետք չէ պատասխանատուներին, այն մարդկանց ովքեր բանակցային գործընթացի մեջ են, ովքեր պատասխանատու են նաև մեր երկրի համար, զրկել այդ հնարավորությունից: Վարչապետը խիզախություն ունեցավ դրա մասին բաց խոսելու, բայց դրա մեջ ինչ վատ բան կա: Ամեն ինչ չէ, որ պետք է հրապարակավ ասենք: Հիմա ես ինչ-որ խոսել եմ անձնական հանդիպումներում, ես չեմ ներկայացնում, որովհետև ես պայմանավորվածություն չունեմ այդ մարդու հետ, որի հետ խոսել եմ, որ պետք է ներկայացնեմ, և դրա իրավունքը չունեմ, բացի այդ, ես հասկանում եմ կարևորությունը իմ խոսքի, դրսում բարձր ասելու և դրա ռիսկերը:
Տարբերությունը շատ մեծ է, մեր ընդդիմությունն էլ լավ գիտի, ընդդիմության մեջ մարդիկ կան, ովքեր այդ իրավիճակներում են հայտնվել և այդ առումով իրենց պահվածքն ինձ համար, չեմ ուզում մեկնաբանել կարող եմ ասել հարցական, այսպես ձևակերպեմ, որովհետև մի այսպիսի հարց կա, իսկապես բոլորս սրտացավ ենք Արցախի հարցում, իսկ ես ընդունում եմ, որ բոլորս սրտացավ ենք, ես այդպես եմ ընդունում: Սրտացավությունը պետք է արտահայտվի նրանով, որ բոլորը, ամենքս մեր տեղը, մեր անելիքը անենք: Նույն ընդդիմությունն անելիք ունի, իշխանությունն իր անելիքը գիտի առավել ևս, հասարակությունն ունի իր անելիքը: