Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական դեսպան Ֆիլիպ Ռիկերը սեպտեմբերի 8-10-ը Հայաստան կատարած այցի ընթացքում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանին։ Այս մասին հայտնել են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից:
Նշվում է, որ հանդիպումների ընթացքում դեսպան Ռիկերը վերահաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգ, կայուն, ժողովրդավար, բարեկեցիկ ու խաղաղ ապագան խթանելու հարցում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր հարցերի համապարփակ և խաղաղ կարգավորմանն աջակցելու նպատակով Միացյալ Նահանգները կշարունակի ներգրավվածությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, ինչպես նաև համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը: