Ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ քաղաքացիական բնակչության կանխամտածված թիրախավորման վերաբերյալ հավաստի փաստերը ծայրահեղ մտահոգիչ են ու պետք է պատշաճ քննության ու գնահատման առարկա դառնան: Այս մասին հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:
«Այդ երկրում համակարգային հայատյացության վտանգավոր չափերի մասին վերջերս բարձրաձայնել էր ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն, և այս դեպքերը, ցավալիորեն, գալիս են ապացուցելու թե՛ կոմիտեի արձանագրումները, և թե՛ Արցախի հայաթափման վերաբերյալ ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից արվող անթաքույց հրապարակային հայտարարությունները», — նշել է ՄԻՊ-ը:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 12֊ին՝ առավոտյան 04:00-04:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների դիմաց տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է բացել տարբեր տեսակի և տրամաչափի հրաձգային զենքերի կիրառմամբ։ Կրակահերթերը տևել են շուրջ 30 րոպե:
Տուժել է երկու բնակելի տուն Կարմիր շուկայում, մեկ տուն էլ՝ Թաղավարդում: