Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին հետ քաշել իր զորքերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից դեպի ելման դիրքեր: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ, Անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլա դե Ռիվիերը՝ ընդգծելով, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի:
«Ֆրանսիան մտահոգված է գործողություններով, որոնք տեղի են ունենում հայ-ադրբեջանական սահմանին: ՀՀ տարածքում մի քանի վայրեր կրակի են մատնվել, քաղաքացիական ենթակառուցվածքներ են վնասվել: Սրանք ամենաուժեղ մարտերն են 2020 թվականից ի վեր: Ֆրանսիան իր գործընկերների հետ փորձում է խրախուսել հարգել հրադադարը: Մակրոնը խոսել է Փաշինյանի և Ալիևի հետ: 2020 -ի նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարության դրույթները պետք է պահպանվեն: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին հետ քաշել իր զորքերը ելման դիրք, Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի: Կողմերը պետք է քննարկեն դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերը, ինչպես նաև որոշ ուժերի կողմից բռնության դեպքերի կանխումը: Ֆրանսիան կշարունակի աջակցել տարածաշրջանում տևական խաղաղության հասնելուն», — իր խոսքում նշեց Ֆրանսիայի ներկայացուցիչը:
Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը հրատապ նիստ է անցկացնում Հայաստանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առնչությամբ: