Մենք պետք է արձանագրենք, որ իրադրությունը շարունակում է մնալ լարված և անվտանգության խորհրդի ֆորմատով քննարկել ենք ՀՀ-ում ռազմական դրություն մտցնելու նպատակահարմարությունը և եկել ենք եզրակացության, որ այս պահին նման որոշման պետք է չգնանք: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կան քաղաքացիներ, որոնք ասում են՝ ռազմական դրության էինք սպասում, որ մասնակցենք մեր երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությանը: Անվտանգության խորհրդի նիստում դա էլ ենք քննարկել և եկել այն եզրակացության, որ եթե կան մարդիկ, որոնք ուզում են ներգրավված լինել, կարող են սովորական ընթացակարգով կամավորության հիմքով դիմել զինկոմիսարիատներ և այդ խնդիրը կլուծվի: Կան բոլոր օրենսդրական հիմքերը, կամավորության հիմունքներով քաղաքացիներին ներգրավել ծառայության մեջ»,-ասաց նա: