Իրականում ՀՀ իշխանությունների հետ տարաձայնությունները քիչ չեն։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Տարբեր գործընկերների հետ լինում են աշխատանքային շփումներ, հաջողված ծրագրեր, բայց լինում են նաև սկզբունքային տարաձայնություններ, լինի դա թե՛ Արցախին առնչվող արտաքին քաղաքական կուրսի մասով, թե՛ տարբեր ծրագրերի մասով, բայց շատ դեպքերում ես դրանք փորձում եմ ներքին աշխատանքային միջավայրում լուծել, քանի որ կարևորում եմ այս ծանր իրավիճակում Արցախի և ՀՀ կառավարությունների արդյունավետ փոխգործակցությունը»,- ասաց Բեգլարյանը։
Նա նշեց, որ այդ տարաձայնությունների մասին մշտապես բարձրաձայնում է։
«Մի մասը ազդում է, մի մասը չի ազդում, բայց սա արդեն աշխատանքային միջավայրի հարց է։ Արտաքին քաղաքական դիրքորոշումների մասով ես իմ դիրքորոշումները հրապարակային ներկայացրել եմ՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը որևէ կասկածի տակ չպետք է դրվի և սա քննարկման հարց չէ»,- ընդգծեց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։