Աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, հանրահայտ փոփ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան), ամերիկաբնակ պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը համացանցում դիմում են իրենց հետևորդներին՝ հորդորելով գնել հայկական գրություններով զարդերն ու այդպես աջակցել աշխարհի հինավուրց տաճարներից Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգման աշխատանքներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քիմ Քարդաշյանը «Ինստագրամ»-ի «Սթորի» բաժնում հոլովակ է զետեղել, որում նշում է՝ միշտ ճանապարհներ է փնտրում Հայաստանին աջակցելու համար և իր հետևորդներին է ներկայացնում Metal Alchemist ապրանքանիշի «Հայր մեր», «Արարատ լեռ», «Սեր» և այլ գրություններով ապարանջաններն ու այլ զարդերն ու ասում, որ աշխարհում շատ պատմական վայրեր կան, սակայն ամենահինավուրց տաճարները Հայաստանում են։
Նա հիշեցնում է, որ այդ տաճարներից մեկում տարիներ առաջ կնքել է իր երեխաներին: Քարդաշյանը տեղեկացնում է, որ տաճարը վերանորոգման փուլում է ու ընդգծում, որ ապարանջանների վաճառքից ստացված եկամտի հարյուր տոկոսը փոխանցվելու է տաճարի վերանորոգման աշխատանքներին։
Շերը «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջում մի լուսանկար է հրապարակել, որի վրա գրված է, որ իր հայկական արմատներն իր ինքնության հսկայական մասն են, և ինքը հպարտ է Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգմանն աջակցելու համար կազմակերպված նախաձեռնության մի մասը լինել: