Հայաստանի Հանրապետության Կառավարությունն Արցախին 4 միլիարդ դրամի լրացուցիչ աջակցություն կտրամադրի։ Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի փաթեթում ներառված է Լեռնային Ղարաբաղին 4 միլիարդ դրամի լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու հարցը։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին անհրաժեշտ հումանիտար, սոցիալ-հոգեբանական աջակցություն ցուցաբերելը բացարձակ անհրաժեշտություն է»,- ընդգծեց Փաշինյանը։