Լիբանանի Արտաքին գործերի նախարար Աբդալլահ Բու Հաբիբը Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ առանձին հանդիպումների ընթացքում ափսոսանք է հայտնել Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումների կապակցությամբ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Լիբանանի պետական լրատվական գործակալությանը:
Այսօր տարածված հայտարարության մեջ Լիբանանի ԱԳՆ-ն ասել է, որ խորապես ափսոսում է Լաչինի միջանցքի փակման և այն լարվածության առնչությամբ, որ այդ քայլն առաջացրել է տվյալ տարածքում ապրուստի և մարդասիրական պայմանների համար:
Լիբանանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին երկկողմ բանակցություններ վարել՝ ընդգծելով, որ երկխոսությունը վեճերի լուծման միակ միջոցն է։