Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մարտի 9-ի ժամը 10:00-ի դրությամբ հասել է 43-ի։ Նրանցից 17-ը հոսպիտալացված է, 15-ը չի հոսպիտալացվել, 11-ը՝ դուրս է գրվել:
Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, հոսպիտալացվածներից 15-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, 2-ինը՝ ծանր:
43 վարակվածից 40-ը պատվաստված չէ, 3-ը պատվաստված է մեկ դեղաչափով:
Նախարարությունից հիշեցնում են, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:
Կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին հորդորվում է դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:
Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում: