Տարածաշրջանում կայունությամբ և խաղաղությամբ հետաքրքրված գործընկերների կողմից մշտապես եղել են առաջարկներ՝ կազմակերպելու հայկական և ադրբեջանական կողմերի հանդիպումներ, այժմ էլ կան այդպիսի առաջարկներ, առաջիկայում տեղի կունենան հանդիպումներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի դիտարկմանը, որ Ջեյհուն Բայրամովն ասել է, թե իբր միջազգային գործընկերները ճնշում են գործում հայկական կողմի վրա՝ վերադառնալու բանակցություններին:
«Մենք հետաձգել ենք մեր նախատեսված վերջին հանդիպումը, որը պետք է տեղի ունենար Մոսկվայում անցած տարեվերջին: Եվ դա պայմանավորված է եղել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակով: Առանցքային է հետաձգել բառը: Եվ մենք այժմ պատրաստ ենք վերսկսել հանդիպումները, քննարկումները»,-ասաց Միրզոյանը:
ԱԳ նախարարն ընդգծեց, որ նույնիսկ հանդիպման հետաձգման պայմաններում ըստ էության բանակցային գործընթացը երբեք չի ընդհատվել: Այդ հանդիպման հետաձգումից հետո հայկական և ադրբեջանական կողմերն արդեն մի քանի անգամ փոխանակվել են խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ առաջարկներով, եղել են ուղիղ կամ միջնորդավորված քննարկումներ:
«Եվ այժմ, այո, տարբեր գործընկերների, միջնորդ գործընկերների, տարածաշրջանում կայունությամբ և խաղաղությամբ հետաքրքրված գործընկերների կողմից մշտապես այս ընթացքում պարբերաբար հնչեցվել են առաջարկներ՝ կրկին կազմակերպել մեր հանդիպումները: Այժմ էլ ունենք այդ հանդիպումների առաջարկներ: Եվ առաջիկայում այդպիսի հանդիպումներ, այո, տեղի կունենան»,-վստահեցրեց Միրզոյանը: