Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը բրոնզե մեդալ է նվաճել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում՝ երկամարտի 196 կգ արդյունքով (87+109 կգ): Պոկում և հրում վարժություններում ևս Յայլյանը արժանացավ փոքր բրոնզե մեդալներին, հայտնում է Armsport-ը:
Յայլյանը պոկում վարժությունում կամային բարձր հատկանիշների շնորհիվ գլխավերևում պահել է 87 կգ կշռող ծանրաձողն ու արժանացել փոքր բրոնզե մեդալին:
Այս վարժությունում փոքր ոսկե մեդալին արժանացել է ուկրաինացի Սվետլանա Սամուլյակը, իսկ փոքր արծաթը նվաճեց ռումինացի Անդրեա Կոնտրուտան:
Ծանրորդ Իզաբելլա Յայլյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը նվաճելուց հետո լրագրողների հետ զրույցում կիսվել է տպավորություններով.
«Շատ ուրախ եմ, որ վերջապես մեդալ նվաճեցի մեծահասակների պայքարում: Գրանցածս արդյունքից այդքան էլ գոհ չեմ, քանի որ մարզումներին ավելի շատ էի բարձրացրել ու կարող էի նաև ոսկե մեդալին հավակնել:
Ամեն դեպքում, ուրախ եմ, որ հատկապես պոկում վարժությունում զրո չստացա ու կարողացա հավաքվել ու արժանանալ փոքր բրոնզե մեդալին: Երևի՝ լարվածությունը փոքր-ինչ խանգարեց: Ֆիզիկական առումով խնդիր չկար, լավ էի պատրաստվել, երևի՝ լարվածությունը խանգարեց: Եթե երկրպագուների աջակցությունը չլիներ, գուցե երրորդ մոտեցումն էլ հաջող չկատարեի: Տան պատերն իհարկե օգնում են, ավելի հանգիստ ենք, լարվածությունն ավելի քիչ էր, քան դրսում»,- նշել է Իզաբելլա Յայլյանը: