Դարերի շարունակ Հայոց Աշխարհում ծնվել են այնպիսի քաջազուններ, ովքեր առանց կյանքը խնայելու պայքարել են հայրենիքը շենացնելու, բարգավաճելու ու արտաքին թշնամուց պաշտպանվելու համար:Մեր օրերի հերոսների շարքին է դասվում սիրված մտավորական,մասնագիտությամբ իրավաբան Սոֆա Սարգսյանը:Սոֆա Սարգսյանը ստեղծագործել է վաղ տարիքից, տպագրվել մարզային թերթերում:
Խոսենք մի շատ հետաքրքիր միջոցառման մասին,որը տեղի ունեցավ սույն թվականի օգոստոսի 20-ին հայ մշակութասեր ու ընթերցասեր սիրված օջախներից մեկում՝ «Նարեկացի» արվեստի միությունում: Այստեղ էին հավաքվել տարբեր մասնագիտությունների ու սերունդների ներկայացուցիչներ՝ մասնակցելու Սոֆյա Սարգսյանի ‹‹Ավետյաց արշալույսներ›› գրքի շնորհանդեսին,ինչպես նաև ծանոթանալու սիրված մտավորականի ու նրա առաջին հրատարակության հետ:
Մի քանի խոսքով գրքի մասին: Գիրքը բարի կամքի ու արժանապատիվ ապրելու մասին է, որը ընթերցողին տանում է դեպի մեծ կյանք՝ հայրենասիրական, լավատեսական ու մարդկային:Գրքի տպագրությանն աջակցել է նրա որդին՝Գոռ Սարգսյանն,ով ներկայումս բնակվում է արտերկրում: Միջոցառման մեկնարկն ազդարարվեց տերունական աղոթքով,որն իրականացրեց Դվինի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ,Տեր Եղիշե Նուրիջանյանը:
Այնուհետև բոլորը մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմում նահատակ հերոսների հիշատակը: Շնորհանդեսի ժամանակ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ «Նարեկացի» արվեստի միության ծրագրերի համակարգող Ժասմինա Մխիթարյանը: Ներկայացնելով հյուրին նա շնորհավորեց գրքի հրատարակության առիթով նշեց,որ սիրված մշակութային միությունը մշտապես պատրաստ է ներկայացնել նրա նոր հրատարակություններն՝ընթերցողներին ծանոթացնելով մեր նորագույն գրականության հետ:
Միջոցառումը վարում, ինչպես նաև հանդիսատեսին անմոռանալի ու հիշարժան երեկո պարգևեց,բանաստեղծուհի, արձակագիր,Լենա Հարությունյանը:Սիրված մտավորականն այնպես գեղեցիկ ու նրբաճաշակ ներկայացրեց գիրքն ու հեղինակին,կարծես բոլորին տեղափոխեր Սոֆա Սարգսյանի ստեղծագործական աշխարհ:
Սիրված մտավորականին երգերով,ասմունքով ողջունեցին սիրված արվեստագետներ՝ երգչոհիներ Նարե Ավագյանը,Մարինա Սարգսյանը,երգիչ Գոռ Ղազարյանը,երաժիշտ-կատարողներ Տիգրան ու Վարդան Թադևոսյանները,դաշնակարուհի Սոնա Աղաջանյանը,գեղեցիկ ասմունքով հանդես եկան դերասանուհի Լաուրա Ավագյանը, Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու դպիր Արտուշ Ավագյանը:
Սիրված մտավորականին ուղղված իրենց սրտի խոսքերն ուղղեցին,ինչպես նաև գրքի մասին ու բանաստեղծություններից ընթերցեցին Երևանի Պետական Համալսարանի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Տիգրան Սիմյանն, ով նշեց,որ նրա ստեղծագործությունները նման են աղոթքների,որոնցից կարելի է առանձնացնել պատվիրաններ ու խրատներ, ինչպես նաև երկար տարիների գործընկեր, նվիրված ու բարի ընկեր և բարի ընկեր Գոհար Փոլադյանը, մասնագիտությամբ բժշկուհի Հռիփսիմե Թորոսյանը:
Միջոցառման վերջում ելույթ ունեցավ գրքի հեղինակը՝ Սոֆա Սարգսյանը: Նա իր շնորհակալական ու երախտիքի խոսքերն ուղղեց միջոցառման կազմակերպիչներին ու աջակիցներին,ինչպես նաև գրքի հրատարակիչներին և հանդիսատեսին՝հույս հայտնելով,որ մոտ ապագայում հանդես կգա իր նորանոր աշխատություններով:
Գարիկ Ավետիսյան Լուսանկարները՝Սիրարփի Կարապետյանի